Ձվի շուկան Զատկի շեմին. Դեֆիցիտ չի սպասվում

Ձվի շուկան Զատկի շեմին. Դեֆիցիտ չի սպասվում

PanARMENIAN.Net - 2014-ի ընթացքում ձվի շուկայում իրականացված երկու դիտարկումների արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնաբերել է առաջին անգամ 400, իսկ երկրորդ դեպքում՝ 4.860 հատ ժամկետանց ձու: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանն ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ վերջին դիտարկումն ավարտվել է ապրիլի 2-ին՝ Երևանում, Շիրակում ու Լոռիում, գրում է Tert.am-ը:

«Բոլոր ժամկետանց ձվերը ոչնչացվել են: Իսկ երկու դիտարկումների ընթացքում ոչնչացված ձվի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երկրորդ անգամ դիտարկում ենք կատարել նաև պահեստներում: Սրանք բոլորը ներմուծված ձվերի հետ է կապված, իսկ ներքին արտադրողի հետ որևէ խնդիր չունենք, բողոք չունենք»,- ասել է նա և տեղեկացրել, որ այս տարի Բուլղարիայից, Իրանից, Բելառուսից և Ուկրաինայից ընդհանուր առմամբ ներմուծվել է 2.900.000 հատ ձու:

Ինչ վերաբերում է Սուրբ Հարության տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտին կամ շուկայում ժամկետանց ձվերի ավելացմանը, ապա Դավիթ Ղուլյանը վստահեցրել է, որ իրենք ստուգումներ են իրականացնելու ամբողջ Հայաստանում և թույլ չեն տալու, որ շուկայում ժամկետանց ձվեր հայտնվեն: Նրա համոզմամբ` ձվի դեֆիցիտ չի լինելու:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ապրիլի 11-ին խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր:

Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում է սպառման մակարդակը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոլորտում նկատվում են աճի և զարգացման անշրջելի միտումներ: Հանրապետություն է ներկրվել ընդամենը 2.9 մլն ձու, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում ներկրված ձվի վերջին խմբաքանակը Հայաստան է մտել գրեթե մեկ ամիս առաջ: Հանրապետությունում ձևավորված ձվի գներն ամենացածրն են տարածաշրջանում, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարի պաշտոնակատարը հորդորել է պահպանել աճի առկա միտումները, նախատոնական առևտրի համաչափությունը և թույլ չտալ ձվի գնի բարձրացում: Շահագրգիռ քննարկման արդյունքում արտադրողները հավաստիացրել են Սերգո Կարապետյանին, պահպանել պահանջվող պայմանները:

Ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքում, Լուռու և Շիրակի մարզերում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ձվի շուկայի 4-օրյա դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է 4860 հատ ժամկետանց կամ թերի մակնշված ձու, գրում է «Փաստինֆո»-ն: Առավել մեծ քանակով ժամկետանց ձու է հայտնեբերվել և ոչնչացվել հատկապես մայրաքաղաքում: «Դիտարկումներ ենք անցկացրել նաև ներկրող ընկերությունների պահեստներում, և այդ ժամկետանց խմբաքանակի մի մասն էլ այդտեղ է հայտանաբերվել»,- ասել է ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը: Ժամկետանց ձվերը հիմնականում ներկրված են եղել Ուկրաինայից և Բուլղարիայից:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է անցկացրել նաև Երևանի 11 մանկապարտեզում, որից 10-ը` պետական, 1-ը` մասնավոր: Պետական մանկապարտեզներում անցկացված ստուգումների արդյունքում սննդի որակի և սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել, գրում է Panorama.am-ը:

Սակայն խախտումներ են հայտնաբերվել մասնավոր` թիվ 53 մանկապարտեզում: Այն գործում է Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի հարևանությամբ: Տվյալ մանկապարտեզում ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին, այլև Ծառայության մասնագետները մանկապարտեզի սառնարանում հայտնաբերվել են 44 հատ ժամկետանց ձու: Ըստ Արմինե Սուքիասյանի, առկա խախտումներն ու թերություններն արդեն շտկվել են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ձվի շուկայի դիտարկումները նախաձեռնեց, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին՝ շուկայում վաճառվող ժամկետանց ձվի խմբաքանակի մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---