Համո Ոսկեբերան Սահյան. Մեկ դար առաջ ծնված հանճարը

Համո Ոսկեբերան Սահյան. Մեկ դար առաջ ծնված հանճարը

PanARMENIAN.Net - Մեկ դար առաջ` 1914-ի ապրիլի 14-ին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում ծնվել է Համո Սահյանը։ Հրանտ Մաթևոսյանը նրա մասին ասում էր` Համո Ոսկեբերան Սահյանը.

«…Սահյանը եղել է, Սահյան է եղել։ 1914-ի ծնունդ, իր ժողովրդի զավակ, եղեռնի ու գաղթերի, համայնավարացման ու հավատաքննության ու պատերազմների վկա՝ ինքը իր և մեր սոսկ գոյությունն իսկ հաղթանակ ու հրճվանք էր համարում։

Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է»:

Ապրիլի 14-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով կմեկնարկեն ականավոր բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստատեսությունը կնկարահանի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը, իսկ «Սյունաց երկիր» թերթը կթողարկի հատուկ համար` նվիրված Համո Սահյանին:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել է Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը: Տուն-թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հանձնարարությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու են Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ասմունքի երեկոներ, բաց դասեր, Համո Սահյանի պոեզիայի մասին մերօրյա բանաստեղծների հետ զրույցներ, թեմատիկ շարադրություններ և այլն։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռևս մարտի 1-ից մեկնարկել էր Համո Սահյանի բանաստեղծությունների ասմունքի դպրոցականների համաքաղաքային մրցույթը։ Դպրոցական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո քաղաքային փուլին մասնակցելու է 90 աշակերտ։ Մրցույթն ամփոփվելու է ապրիլի 20-ին։

«Աշխարհում միշտ բաց են եղել

Դռներս կրնկի վրա…

Ելնողին չեմ ասել՝ արի՛,

Մտնողին չեմ ասել՝ գնա՛։

Իմ ձեռքին ինչ որ ունեցել,

Բոլորը բաշխել եմ ձրի՝

Եվ հացի պատառը վերջին,

Եվ վերջին կաթիլը ջրի»:

1927-ին Համո Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։

Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։ Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---