Հայ երիտասարդ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ և 2 գավաթ

Հայ երիտասարդ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ և 2 գավաթ

PanARMENIAN.Net - Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ ապրիլի 13-ին բրոնզե մեդալների են արժանացել աղջիկների առաջնության 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը և երիտասարդներից Գոռ Մայիլյանը, որը երրորդն էր 57 կգ քաշային կարգում, իսկ պատանիներից՝ 70 կգ քաշային Նարեկ Շատվերյանը ցավալի պարտություն է կրել միայն եզրափակչում և կանգնել պատվո երկրորդ հարթակին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ, որից 2-ը` ոսկե, 4-ը` արծաթե և 5-ը` բրոնզե:

Թիմային հաշվարկով էլ և՛ պատանիների, և՛ երիտասարդների հավաքականները գրավել են երրորդ հորիզոնականներն ու արժանացան գավաթների:

Ապրիլի 12-ին պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացել են բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը /52 կգ/ և Նաիրի Կարապետյանը /81 կգ/ կանգնլ են պատվո երկրորդ հարթակին` որպես արծաթե մեդալակիրներ:

Իսկ երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց է հանդես եկել ամենախոստումնալից մարզիկներից Գրիգոր Մխիթարյանը: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և արժանիորեն գրավել է առաջինն տեղը: Ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը /75 կգ/, արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը /60 կգ/, ոսկե՝ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը:

Արդյունքում` Հայաստանի պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 15-ին՝ բերելով 11 մեդալ և երկու գավաթ:

Իբրև առանձին մարզաձև սամբո ըմբշամարտը ստեղծվել է 20-րդ դարի 20-ական թվականներին` ԽՍՀՄ-ում, որպես բանակի, ներքին զորքերի և ազգային անվտանգության մարմինների ծառայողների ինքնապաշտպանության միջոց և գրանցում ստացել` 1938-ի նոյեմբերի 16-ին: Սամբո բառը ռուսերեն հապավում է, որ նշանակում է «ինքնապաշտպանություն առանց զենքի»: Մարզաձևը տարբեր ժողովուրդների ազգային ըմբշամարտերի ձևերի յուրահատուկ համադրում է, որոնցից մեկն էլ հայ ազգային «Կոխ» կոչվող մարզաձևն է` իր առանձնահատկություններով ու կանոններով:

1972-ին անցկացվել է Եվրոպայի առաջին բաց առաջնությունը, իսկ 1973-ին` աշխարհի: 1985-ին Բիլբաոյի կոնգրեսում հայտարարվեց Սամբոյի համաշխարհային սիրողական ֆեդերացիայի ստեղծման մասին: Միջազգային օլիմպիական կոմիտեն դիտարկում է Սամբոն օլիմպիական մարզաձևերի շարքում ընդգրկելու հարցը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---