Սիրիական բանակն ազատագրել է քրիստոնեական Մաալուլան

Սիրիական բանակն ազատագրել է քրիստոնեական Մաալուլան

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ի առավոտյան Սիրիայի զինված ուժերը վերականգնել են հսկողությունը Մաալուլա քաղաքում: Անտիոքի և համայն Արևելքի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիուս Երրորդ Լյահհամը խորհրդանշական է համարել սիրիական բանակի հաղթանակը Մաալուլայում՝ վստահություն հայտնելով, որ դրան կհաջորդի ահաբեկիչներից Սիրիայի լիակատար ազատագրումը: Պատրիարքը ողջույնի ուղերձ է հղել սիրիացի զինվորներից յուրաքանչյուրին:

Գրիգորիուս Երրորդն ասել է, որ ավազակային կազմավորումները դաժան հանցագործություներ են կատարել երկրի տարբեր մասերում, այդ թվում Մաալուլայում, Սբ Թեկլայի վանքում: Նա հավաստիացրել է, որ ահաբեկիչների ավերած շենք ու շինությունները նորից կկառուցվեն և խոստացել է Մաալուլա այցելել առաջիկայում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Մաալուլան համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը: Տեղի բնակչությունը խոսում է գրեթե անհետացած նոր եբրայերենով, համարվում է, որ եբրայերենով է խոսել Հիսուս Քրիստոսը: Մինչ պատերազմը քրիստոնյաները Սիրիայում կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011 թվականից երկրում սպանվել է մոտ հազար քրիստոնյա, ավերվել է 40 եկեղեցի ու քրիստոնեական այլ հաստատություններ: Շուրջ 300 հազար քրիստոնյաներ փախել են երկրից:

Դեկտեմբերի 3-ին Սիրիայում «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամները, որում ընդգրկված են ծայրահեղ իսլամիստներ, հսկողության տակ էին վերցրել Մաալուլա քրիստոնեական բնակավայրը: Մաալուլայում զինյալները հարձակվել են մենաստանի վրա և գերի վերցրել միանձնուհիներին և մայրապետին։ Սբ Թեկլայի վանքը պաշարված մնաց մոտ 3 ամիս, իսկ միանձնուհիները որպես պատանդ էին պահվում: 2014 թվականի մարտի 10-ին նրանց ազատեցին:

Լաթաքիա գավառի հյուսիսում բանակը հսկողություն է հաստատել Սելդրին բարձունքի վրա, որը գերիշխում է արևմուտքի Քեսաբի վրա: Բանակը շարունակում է գործողությունն ահաբեկիչների դեմ:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

Ապրիլի 13-ին «Հայաստան» հիմնադրամը Սիրիայում Հայաստանի դեսպանատան միջոցով Լաթաքիայի շտապ օգնության ծառայությանն է փոխանցել Քեսաբի հայերի համար նախատեսված օգնության առաջին դրամաբաժինը՝ 63 060 դոլար: Աղբյուրը Հալեպում հայտնել է, որ բանակային ստորաբաժանումները խափանել են գրոհայինների մուտքը Բուստան Ալ Բաշա թաղամաս: Հարձակվողների թվում կան զոհեր ու վիրավորներ: Ավարեդ թաղամասում զինվորականները ոչնչացրել են 12 ահաբեկչի, այդ թվում 5 դիպուկահարի:

Հալեպ-Դամասկոս ավտոճանապարհին ոչնչացվել է Ահրար աշ Շամ ահաբեկչական խմբավորման 16 գրոհային: Հոմսում իշխանություններին են հանձնվել 7 գրոհայիններ Ալ Քարաբիս ու Ջուբ ալ Ջենդալի թաղամասերից:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---