Դոնեցկում հարգել են զոհված հայի հիշատակը, միլիցիան սպանությունը ժխտում է (վիդեո)

Դոնեցկում հարգել են զոհված հայի հիշատակը, միլիցիան սպանությունը ժխտում է

PanARMENIAN.Net - Դոնեցկի Ժողովրդական հանրապետության կողմնակիցների թվում ապրիլի 14-ին զոհվել է հայազգի Ռուբեն Ավանեսյանը: Դեպքից հետո ուկրաինական Դոնեցկում ցույցի ժամանակ հարգել են նրա հիշատակը։ «Դոնբասի աշխարհազորի» հրամանատար Միրոսլավ Ռուդենկոն իր ելույթում հայտնել է, որ Ռուբենը զոհվել է Սլավյանսկի մոտ զինված բախման հետևանքով, որի ժամանակ, ինչպես հայտնի է, զոհվել է նաև անվտանգության վարչության մեկ սպա, գրում է Vesti.ua-ն:

«Նրա երկու փոքր երեխաները որբ մնացին: Սա առաջին զոհն է, առաջին սպանվածը, Դոնբասի առաջին հերոսը, որը զոհվեց՝ պաշտպանելով Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ազատությունն ու անկախությունը»,- ասել է Ռուդենկոն ու լռության րոպե հայտարարել:

Հանրահավաքի ժամանակ նա պատմել է նաև, թե ինչպես է եղել բախումը: Ըստ նրա, ռուսամետ ակտիվիստները երկու մեքենաներով հումանիտար օգնություն էին տանում Սլավյանսկի իրենց կողմնակիցներին: Նրանք զինված չեն եղել: «Քաղաքի մուտքի մոտ նկատել են, որ իրենց երկու մեքենա է հետապնդում: Երրորդ մեքենան կտրել է ճանապարհը: Այդ ժամանակ «Աջ սեկտորի» անդամները կրակ են բացել: Մի մեքենային հաջողվել է խուսափել կրակահերթերից, մյուսին՝ ոչ: Զոհվել է Ռուբենը, ևս մեկը ծանր վիրավորվել է, նա այժմ Սլավյանսկի հիվանդանոցում է: Կա նաև մեկ թեթև վիրավոր: «Աջ սեկտորի» գազանները գնդակահարել են անզեն աշխարհազորայիններին»,- ասել է Ռուդենկոն:

Նշվել է նաև, որ դա անպատիժ չի մնա: Ինքնապաշտպանության մարտիկները Սլավյանսկից գտել և ոչնչացրել են հարձակմանը մասնակցած գրոհայինների երեք մեքենաները:

Զոհվածի ընտանիքի ու վիրավորների համար դրամահավաք է հայտարարվել:

Ավելի վաղ «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Լեսյա Օրոբեցը Facebook-ի իր էջում գրել էր.«Դրականից…Առնվազն 10 կոլորադոս է այսօր ոչնչացվել: Երեք աղբյուրների հաստատմամբ երեք անհայտներ պահակակետ են եկել, սպանել են բոլոր կոլորադոսներին (նա այդպես է անվանում ռուսամետ ակտիվիստներին) և հեռացել: Կամավորական շարժում դոնեցկյան ձևով»:

Մինչդեռ, Դոնեցկի շրջանի ՆԳՆ ՊՎ-ում հայտարարել են, որ Սլավյանսկի մոտ 10 զոհվածների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Ռոսբալտը:

«Արգելակետին է մոտեցել մի ավտոմեքենա, որից սկսել են կրակել ռուսամետ դիրքապահների վրա: Նրանք ևս պատասխան կրակ են բացել ինքնաձիգերից: Փոխհրաձգության արդյունքում ավտոմեքենայում գտնվող տղամարդը ոտքից վիրավորվել է ու հոսպիտալացվել: Վիրավորների կամ սպանվածների մասին տեղեկություններ այլևս չկան: 10 զոհվածների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են Դոնեցկի միլիցիայում:

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Սլավյանսկի պահակակետերից մեկի մոտ փոխհրաձգություն է և սպանվել է 10 ռուսամետ ակտիվիստ:

Ապրիլի 14-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, նախագահներն անդրադարձել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի տարբեր ասպեկտներին, առաջին հերթին հարավ-արևելյան շրջաններում, որոտեղ բողոքի ալիք է բարձրացել նոր իշխանությունների գործողությունների դեմ:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ բողոքի ցույցերը Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում ու Սլավյանսկում Կիևի ղեկավարության կողմից ռուս և ռուսալեզու բնակչության շահերը հաշվի չառնելու հետևանք են: Պուտինն Օբամային կոչ է արել ուժի կիրառում ու արյունահեղություն թույլ չտալու համար առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի հնարավորությունները:

ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել իբր ռուսական կողմից առկա միջամտության վերաբերյալ Ուկրաինայի հարավ-արևելքում իրադարձությունների վերաբերյալ: ՌԴ նախագահը պատասխանել է, որ նման շահարկումները հիմնված են անհավաստիտեղեկատվության վրա: Ուկրաինայի գործող իշխանությունները պետք է առաջին հերթին մտածեն, որ բոլոր քաղաքական ուժերն ու շրջաններն իրապես հնարավորություն ունենան մասնակցելու նոր սահմանադրության մշակման թափանցիկ գործընթացին, որը կերաշխավորի հիմնական իրավունքներն ու քաղաքացիների ազատությունները, երկրի դաշնային կառուցվածքն ու չեզոք դիրքը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական փոխազդեցության ուղիների որոնման վերաբերյալ ապրիլի 17-ին Ժնևում կայանալիք քառակողմ հանդիպման շեմին, որին մասնակցելու են Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ուկրաինան:

Սպիտակ տունը ներկայացրել է հեռախոսազրույցի մի փոքր այլ տարբերակ. Մոսկվայի խնդրանքով երկուշաբթի նախագահ Օբաման զրուցել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի իրավիճակի շուրջ: ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել զինյալ ռուսամետ անջատողականներին ՌԴ աջակցության կապակցությամբ, քանի որ վերջիններս սպառնում են ապակայունացնել Ուկրաինայի կառավարությունը, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Նախագահ Օբաման նշել է, որ երկրում գործող ոչ կանոնավոր ուժերը պետք է վայր դնեն զենքը՝ հորդորելով Պուտինին օգտագործել իր ազդեցությունն այդ զինված ռուսամետ խմբավորումների վրա, համոզելով նրանց հեռանալ գրաված շենքերից: Նա ևս մեկ անգամ կարևորել է ռուսական զորքերն Ուկրաինայի սահմաններից հետ քաշելու անհրաժեշտությունը՝ լարվածությունը մեղմացնելու համար:

ԱՄՆ նախագահը նշել է, որ չնայած ՌԴ պաշտոնյաների հռետորաբանությանը, Ուկրաինայի կառավարությունը բավականին զուսպ է գործում: Նա բարձր է գնահատել ուկրաինական կառավարության ջանքերը, ուղղված երկրի միավորմանը մայիսի 25-ին կայանալիք ազատ ու արդար նախագահական ընտրությունների անցկացման, սահմանադրական բարեփոխման, երկրում իշխանության ապակենտրոնացմանն ուղղված կոնկրետ քայլերի միջոցով:

Նախագահ Օբաման հիշեցրել է Ռուսաստանի աճող քաղաքական ու տնտեսական մեկուսացման մասին և հասկացրել, որ գինը, որն արդեն իսկ վճարում է Ռուսաստանը, կմեծանա, եթե ՌԴ-ն չփոխի դիրքորոշումը: Բարաք Օբաման հիշատակել է Ժնևում շփման խմբի առաջիկա հանդիպումն ու հայտարարել, որ թեև ինքը շարունակում է հավատալ դիվանագիտական հանգուցալուծման հնարավորությանը, այն չի կարող ձեռք բերվել Ռուսաստանի կողմից ռազմական ահաբեկման, Ուկրաինայի ներսում զինված սադրանքների ու Կրեմլի հռետորաբանության սաստկացման պայմաններում:

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ նախագահ Պուտինը խնդրել է Օբամային ազդել Ուկրաինայի կառավարության վրա, որպեսզի վերջինս ուժ չկիրառի ցուցարարների դեմ:

Նախօրեին Կիև է այցելել ԿՀՎ ղեկավար Ջորջ Բրենանը, ինչը չի ժխտել նաև Օբամայի վարչակազմը: Մինչդեռ Կիևում «Աջ սեկտորի» կողմնակիցները շրջապատել են Գերագույն ռադան և սկսել անվադողեր այրել: Նրանք պահանջում են Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի և ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Ծայրահեղականներն երկրի ղեկավարությանը վերջնագիր են ներկայացրել՝ մեկ ժամվա ընթացքում ժամանել Գրուշևսկու փողոց, հակառակ դեպքում սպառնում են գրոհել Գերագույն ռադայի շենքը, հայտնում է Vesti.ru-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---