Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը 4-րդ անգամ նախարար են նշանակվել

Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը 4-րդ անգամ նախարար են նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, իսկ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին` արտաքին գործերի նախարար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ապրիլի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին նշանակել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Նախագահն իր համար նախընտրելի թեկնածուին ներկայացրել է ՀՀԿ Գերագույն մարմնի մոտ 20 անդամին, այնուհետև հրավիրված նիստում որոշումը միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև ՀՀԿ քաղխորհրդի մոտ 160 անդամ։

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962-ի հուլիսի1-ին Շուշիում: Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: Մասնակցել է ԼՂ բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին: 1999 թ. օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար: 2000 թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: 2012 թ. հունիսի 4-ին և 2013 թ. ապրիլի 20-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Էդվարդ Նալբանդյանը ծնվել է 1956-ի հուլիսի 16-ին: 1978 -1983 թթ. Աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ դեսպանությունում, 1983 - 1986 թթ.` ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն, 1986 -1992 թթ.` Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա` Ռուսաստանի դեսպանության խորհրդական, 1992 - 1993 թթ.` Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, 1994-1998 թթ.` Եգիպտոսում ՀՀ դեսպան, 1995 - 1999 թթ.` Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը` Կահիրե), 1999 - 2008 թթ.` Ֆրանսիայում ՀՀ դեսպան, 2000 - 2008 թթ.` Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ), 2004 - 2008 թթ.` Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ), 2006 - 2008 թթ.` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ: 2008 թ.-ից` ՀՀ արտաքին գործերի նախարար, 2012 թ. հունիսի 4-ին և 2013 թ. ապրիլի 20-ին վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---