Նախիջևանի բնակիչը սպիտակ դրոշը ձեռքին փորձել է փախչել Հայաստան (վիդեո)

Նախիջևանի բնակիչը սպիտակ դրոշը ձեռքին փորձել է փախչել Հայաստան

PanARMENIAN.Net - Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է սպիտակ դրոշը ձեռքին Հայաստան փախչելու փորձ կատարելիս, հայտնում է Haqqin.az-ը Ազատություն ռադիոկայանի և իրավապաշտպան Հաքիմելդոստու Մեհտիևի վրա հղումով: Ըստ Մեհտիևի, Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել ապրիլի 12-ին, նման ռիսկային քայլի պատճառն այն էր, որ ոստիկանների դեմ նրա բողոքը չեն քննել:

«Մոտավորապես մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության ենթասպան սկսել է սպառնալ Նազիմի կնոջը և փող է առգրավել նրանից: Հետո սկսել է շանտաժի ենթարկել՝ ստիպելով հանդիպել իր հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ նրանց տեսել է Նազիմի որդին, որը ծեծի է բռնվել ոստիկանի հետ: Կինը պատմել է ամեն ինչ Նազիմին, իսկ վերջինս բողոք է գրել ոստիկանի դեմ», -ասել է Մեհտիևը:

Ըստ իրավապաշտպանի, շուտով կատարվածի մասին Նազիմի ամբողջ գյուղը գիտեր: «Բամբասանքների պատճառով լուծարվեցին նրա որդու ու դստեր ամուսնությունները: Շուտով բաժանվեց նաև ինքը Նազիմը: Նա ամեն ինչ պատմել է իրավապաշտպանին և ասել է, որ կգնա հայերի մոտ, եթե նրա բողոքը քննության չառնեն և չպատժեն ոստիկանության այդ ենթասպային»,-ասել է նա:

Մեհտիևը նշել է, որ երբ հերթական անգամ ոստիկանությունը մերժել է նրա բողոքը, Նազիմ Մամեդովը սպիտակ սավան է հագել, սպիտակ դրոշ է վերցրել ու փորձել է անցնել հայերի կողմը:

Սահմանին զինվորականները բռնել են նրան: Այժմ Մամեդովը գտնվում է ԱԱՆ տեղի բաժանմունքում և նրա ճակատագիրն անհայտ է:

Հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրն ու 3 երեխա, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան են խնդրել: Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է գործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:

Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից վիճակը, Օրուջևն անհաջող փորձ է արել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

Ավելի ուշ Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ Հայաստանը բավարարել է Ադրբեջանից փախած ու Հայաստանում քաղաքական ապաստան խնդրած ընտանիքի հայտը: Ըստ Եգանյանի, ադրբեջանցիների ընտանիքի անդամները փախստականներ են համարվել և նրանց քաղաքական ապաստան է տրվել: Եգանյանը շեշտեց, որ ապաստան տրամադրել չի նշանակում որպես սեփականություն բնակարան տրամադրել, այլ պաշտպանություն և ապահովություն Հայաստանի տարածքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---