116 մլն դրամ. Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահով ընտանիքների գազի վարձը

116 մլն դրամ. Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահով ընտանիքների գազի վարձը

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ի նիստում Կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մոտ 116 մլն դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: Այսպիսով, անապահով ընտանիքներից 75 խոր. մետր բնական գազի դիմաց 1000 խոր. մետրի համար հաստատված 132 հազար դրամի փոխարեն կգանձվի 100 հազար դրամ:

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրել էր 100 տոկոսի:

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Փետրվարի 3-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը ստորագրահավաք էին կազմակերպել՝ առաջարկելով խորհրդարանում գազային հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով ստեղծել, որտեղ կներգրավվեն տարբեր ուժերի ներկայացուցիչներն ու կուսումնասիրվի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքը, ինչպես նաև կպարզի գազի մեծածախ ու մանրածախ սակագնի տարբերության պատճառը: Ավելի ուշ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ մերժել էր այդ առաջարկը:

2013-ի հուլիսի 7–ից Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ են գործում, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---