Երկրաշարժի նմանվող պայթյուններ Հալեպում. Քաղաքը ցնցվում է

Երկրաշարժի նմանվող պայթյուններ Հալեպում. Քաղաքը ցնցվում է

PanARMENIAN.Net - Զինյալ խմբավորումները ապրիլի 16-ի երեկոյան ժամերից սկսած տասնյակ հրասանդերի արկեր են արձակել Հալեպում, հատկապես՝ Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ հայաբնակ շրջանների վրա, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Ամբողջ գիշեր շարունակված հրաձգության, պայթող արկերի, տանկերի, ուղղաթիռների, թնդանոթների և բախումների ձայները Հալեպի բնակիչներին լարվածության մեջ են պահել, հաղորդում է Tert.am-ը։

Այսօր առավոտյան քաղաքում երեք ուժգին ցնցում է գրանցվել, որը Հալեպի բնակիչները նմանեցրել են երկրաշարժի։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանք տեղի են ունեցել Սեիդ Ալի, Սեքենեթ Հենենո, Հին Հալեպ շրջաններում իրականացված պայթյունների հետևանքով։

Ներկայում իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված է, քաղաքի տարբեր մասերում արկեր են պայթում։ Փակ են բոլոր խանութները, արհեստանոցները։ Հայաբնակ շրջաններն ամայացել են։ Մարդիկ դուրս չեն գալիս տներից։

Տեղեկություններ կան նաև հայ վիրավորի մասին։ «Երկիր մեդիայի» Հալեպի թղթակից Մարիա Գաբրիելյանը, Հալեպի լրատվական գրասենյակին հղումով, տեղեկացնում է, որ վիրավորը 1966թ.-ին ծնված Կարո Ավագյանն է։

Ապրիլի 17-ը Սիրիայում տոնական օր է. երկիրը նշում է Ֆրանսիական տիրապետությունից ազատվելու տարեդարձը։

Ապրիլի 15-ին` առավոտյան ժամը 7։44-ին հրթիռակոծվել է «Փարոս» հայկական դպրոցը, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ։

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---