ԵԱՀԿ ԽՎ-ն ղարաբաղյան կարգավորման գործում ուզում է լուրջ արդյունքների հասնել

ԵԱՀԿ ԽՎ-ն ղարաբաղյան կարգավորման գործում ուզում է լուրջ արդյունքների հասնել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ձգտում է աջակցել ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին, Բաքվում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ ԽՎ ղեկավար, Չերնոգորիայի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գոյություն ունեն ԵԱՀԿ Լիսաբոնյան և Մադրիդյան սկզբունքներ, ՄԱԿ ԱԽ և այլ կազմակերպությունների բանաձևեր: ԵԱՀԿ-ն սատարում է այդ սկզբունքներին և ձգտում է աջակցել կարգավորմանը դրանց հիման վրա:

«Այժմ մենք ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձգտում ենք լուրջ առաջխաղացման հասնել Մինսկի խմբի գործունեության մեջ: Մենք ցանկանում ենք վերջապես լուրջ արդյունքների հասնել», -ասել է Կրիվոկապիչը: Նա հավելել է, որ վերջին իրադարձություններն Ուկրաինայում ցույց տվեցին հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում է Armenia Today-ը: Ապրիլի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մտահոգություն հայտնեց շփման գծում լարվածության վերաբերյալ: Այդ են վկայում Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական կառույցների հաղորդագրությունները, ասել է նա:

Ըստ նրա, հաղորդագրություններ են տարածվում փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի, ավելի լուրջ խախտումների մասին, որոնք կորուստների են հանգեցնում․ դրանցից յուրաքանչյուրը ողբերգություն է զոհերի ընտանիքների համար:

Ըստ դիվանագետի, հայ-ադրբեջանական սահմանի ու շփման գծի երկայնքով դիտարկումներ են անցկացվում համապատասխան կառույցների աջակցությամբ ու օգնությամբ: Այդ դիտարկումների մասին հաշվետվությունները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբին, ասել է նա:

Ղարաբաղյան կարգավորումն այլ երկրներում իրադարձությունների պատճառով հետին պլան չի մղվում, ասել է Կասպրշիկը՝ պատասխանելով Ուկրաինայի իրադարձություների ֆոնին կարգավորմանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն ջանում են կողմերին կարգավորման վերաբերյալ նոր գաղափարներ ներկայացնել: Անցած ամիս միջնորդները երկու հանդիպում են ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ, ևս մեկը՝ նախագահների ու ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Կասպրշիկը:

Ըստ նրա, բոլոր ջանքերն ուղղված են կարգավորման առաջխաղացմանն ու լարվածության նվազեցմանը: Ինչպես ասել է Կասպրշիկը, ըստ գործող նախագահի մանդատի, նա կանոնավոր այցեր է կատարում տարածաշրջան: «Ես և իմ թիմը մշտապես այցելում ենք հակամարտության հետևանքով տուժած տարածքներ՝ նպատակ ունենալով նոր տեղեկություններ տրամադրել գործող նախագահին ու ՄԽ համանախագահներին»,- ասել է նա, գրում է Թրենդը:

Միևնույն ժամանակ հավատարիմ մնալով «դիվանագիտական սովորությանը»՝ Կասպրշիկը չի անվանել լարվածության մեղավորին՝ ադրբեջանական կողմին, որը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծելով ոչ միայն հայկական ու ղարաբաղյան դիրքերը, այլև Հայաստանի սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև մշտապես դիվերսիոն գործողություններ ձեռնարկելով:

Ապրիլի լույս 15-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ կրկին գնդակոծեցին Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Գնդակոծությունները սկսվել են երեկոյան և շարունակվել մինչև ժամը 3-ը: Գյուղացիները տեղեկացրել են, որ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ է եղել:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Կրակոցները եղել են երեկոյան, մերոնք համարժեք պատասխան են տվել, ինչից հետո կրակոցները դադարել են: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկված է, որովհետև վնասվել է գյուղի գազատար խողովակը: Միայն վերջին ամիսում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի սադրանքների են դիմել, որի հետևանքով եղան մարդկային զոհեր:

Հակառակորդը ապրիլի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նույնպես մտահոգված է շարունակվող բռնությամբ հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բարելավելու համար բանակցային գործընթացը, ապրիլի 11-ին Trend գործակալությանն ասել է Ուորլիքը։ Ըստ նրա, «մահվան և վիրավորումների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան»: Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն ու դրա ինստիտուտները սատարում են խաղաղ կարգավորմանը նպաստելուն ուղղված համանախագահների ջանքերին: Ըստ նրա, տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդ աշխատանքը: Կողմերը պետք է օգտվեն պահից խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Դրանք կարող են կապված լինել վստահության միջոցների ստեղծման, ժողովրդական դիվանագիտության, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---