Ալ Բուստան փառատոնի պաշտոնական նվագախումբը Հայաստանի երիտասարդականն էր

Ալ Բուստան փառատոնի պաշտոնական նվագախումբը Հայաստանի երիտասարդականն էր

PanARMENIAN.Net - Կայացման ճանապարհը միշտ ավելի հեշտ է, երբ ստեղծագործական կոլեկտիվի կողքին լինում են հավատարիմ, աջակցող գործընկերներ: Գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար 2010թ-ից այդպիսին է նվագախմբի գլխավոր գործընկերը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի ձեռքբերումները, իրականացված ծրագրերը, ինչպես նաև անելիքներն ընթացիկ տարվա ընթացքում: Ասուլիսը սկսվել է անակնկալ ֆլեշմոբով. նվագախումբը կատարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ազդանշան-մեղեդին(Jingle), հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից:

«Ի դեմս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, երկիրն ունի կայացած, ձևավորված հանդիսատես ունեցող անսամբլ, որը հասցրել է մասնակցել տարբեր փառատոների և արդեն կատարողական զգալի փորձ է կուտակել՝ ստեղծելով տարբեր շրջանների և ոճերի ստեղծագործությունների ընդգրկուն նվագացանկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է աջակցել խոստումնալից նվագախմբին՝ հայ երաժիշտների սահուն սերնդափոխությունն ու երաժշտական հարուստ ավանդույթների փոխանցումն ապահովելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Չափազանց հաճելի է տեսնել, որ մեր աշխատանքը գնահատվում է. երիտասարդները մշտապես զգում են իրենց այնքա՜ն անհրաժեշտ աջակցությունը: Մենք շարունակելու ենք ստեղծագործել նույն խանդավառությամբ, զարգանալու ենք և պատվով ներկայացնելու հայ կատարողական արվեստն արտասահմանյան մեծ բեմերում»,-նշել է Սերգեյ Սմբատյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ նվագախումբը հնարավորություն է ունեցել համագործակցել ժամանակակից երաժշտական աշխարհի մեծ վարպետների հետ և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնել և՛ Հայաստանում, և՛ երկրի սահմաններից դուրս: Այս համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական ծրագրեր: Մասնավորապես` Hollywood Non-Stop համերգաշարը, որի շրջանակներում Երիտասարդականը հայ հանդիսատեսին է ներկայացրել հոլիվուդյան հայտնի ֆիլմերի կինո երաժշտություն՝ ժամանակակից մշակումներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորել է նաև նվագախմբի` մարտի 17-ից 24-ը կայացած հերթական հյուրախաղը: Գլխավոր գործընկերոջ շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Սա մեծ իրադարձություն էր հայկական իրականության համար, քանի որ փառատոնի 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ որպես պաշտոնական նվագախումբ է ներկայացել հայաստանյան նվագախումբը: Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդականը համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, Ջանլուկա Մարչիանոյի, Անտոնիո Մենեսեսի և այլոց մասնակցությամբ հանդիսատեսին է ներկայացրել դասական երաժշտության լավագույն օրինակներ: Կայացած չորս համերգներն ունեցել են աննախադեպ հաջողություն և՛ հանդիսատեսի, և՛ երաժշտական քննադատների շրջանում: Դրանք լայնորեն լուսաբանվել են ԶԼՄ-ներով և արժանացել դրական արձագանքի:

Վստահաբար, գլխավոր գործընկերոջ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեռ հետաքրքիր ծրագրեր կներկայացնի հավատարիմ երկրպագուների իր լսարանին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---