Էգոյանի ֆիլմը Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում է

Էգոյանի ֆիլմը Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում է

PanARMENIAN.Net - «Հատուկ ցուցադրություն» ծրագրում ընդգրկվել է վավերագրող Սերգեյ Լոզնիցայի «Մայդանը» Ապրիլի 17-ին Փարիզում կայացած մամլո ասուլիսում հրապարակվեց Կաննի 67-րդ կինոփառատոնի մրցութային ծրագիրը, որը կանցնի մայիսի 14-25-ը: Այս տարի Արմավենու ոսկե ճյուղի համար կպայքարի 18 ֆիլմ՝ Ատոմ Էգոյանի «Գերին», Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆանը», Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռվա քունը», Բերտրան Բոնելոյի «Սեն Լորանը», Օլիվյե Ասայասի «Զիլս Մարիան», Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզը», Ժան Պիեռ և Լյուկ Դարդենների «Երկու օր, մեկ գիշերը», Քսավիե Դոլանի «Մայրիկը», Ժան Լյուկ Գոդարի «Ցտեսություն, բառեր», Միշել Խազանավիչուսի «Որոնումը», Թոմի Լի Ջոնսի «Տեղացին», Նաոմի Կավասեի «Still the Water»-ը, Քեն Լոուչի «Ջիմիի դահլիճը», Մայքլ Լիի «Ուիլյամ Թըրները», Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմությունները», Բենեթ Միլլերի «Աղվեսներ որսացողը», Ալիչե Ռորվաքերի «Le Meraviglie» և Աբդերահման Սիսակոյի «Թռչունների ցավը»:

Այս ծրագրի մասնակիցներից ժյուրին կընտրի հաղթողին: Հայտնի է նաև, որ «Հատուկ ցուցադրություն» ծրագրում ընդգրկվել է վավերագրող Սերգեյ Լոզնիցայի «Մայդանը», որը նկարահանվել է Կիևի Անկախության հրապարակում փետրվարին և մարտին: Կինոստուգատեսը կբացի ֆրանսիացի ռեժիոսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա մայիսի 14-ին Լյումյեր եղբայրների Մեծ թատրոնում պաշտոնական ծրագրի շրջանակում, մրցույթից դուրս: Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահն է ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջեյն Քեմփիոնը Նոր Զելանդիայից: «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրին գլխավորում է Աբբաս Քիարոսթամին Իրանից: Ժյուրին պետք է երեք մրցանակ հանձնի «Սինեֆոնդասիոն» ծրագրով , որին մասնակցում են ամբողջ աշխարհի կինոդպրոցների ուսանողները: Այդ մրցանակի հաղթողները հայտնի կդառնան մայիսի 22-ին: Կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակը կհանձնվի մայիսի 24-ին:

«Հատուկ հայացք» ծրագրի ժյուրիի նախագահն է արգենտինացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Պաբլո Տրապերոն: Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 23-ին՝ փակման արարողության նախօրեին: Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է Ֆրանսիայի կրթության ու մշակույթի նախարար Ժան Զեյը, որն երազում էր, որ Ֆրանսիան դառնա համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձության անցկացման վայր և կարողանա մրցել Վենետիկի կինոփառատոնի հետ: Լուի Լումյերի նախագահությամբ Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր անցկացնել 1939 թվականին, սակայն հանդիսավոր բացումը տեղի ունեցավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1946 թվականին: Ամենամյա կինոստուգատեսն անցնում էր սեպտեմբերին, իսկ 1952 թվականից՝ մայիսին: 1960-ականներին պաշտոնական մրցութային ծրագրից բացի երկու անկախ բաժին է բացվում՝ Կինոքննադատների միջազգային շաբաթ և Ռեժիսորների երկու շաբաթը: Մինչ 1972 թ. հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կատարում էին արտադրող երկրները, իսկ այդ տարվանից կինոփառատոնն անկախություն ստացավ և իրավունք ինքնուրույն ընտրելու մրցութային ծրագրի մասնակիցներին:

1978 թ. կինոփառատոնի գործադիր տնօրեն նշանակվեց Ժիլ Ժակոբը: Նա բացեց «Հատուկ հայացք» ծրագիրն ու սահմանեց «Ոսկե կինոխցիկ» մրցանակը լավագույն դեբյուտային ֆիլմի համար: 1998 թ. Ժիլ Ժակոբը բացեց «Սինեֆոնդասիոն» ծրագիրը կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար: Ծրագիրը զարգացում ստացավ 2000 թ. La Résidence նախագծի շնորհիվ, որը կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ ռեժիսորների համար:

2004 թվականից Կաննի կինոփառատոնում թեմատիկ հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում կինոարվեստի «ոսկե ֆոնդից»: Այս տարի բացվեց «Դասական Կանն» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են վերականգնված հին ֆիլմեր, հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում, նվիրված տարբեր երկրների կինեմատոգրաֆին, ցուցադրվում են փաստագրական ֆիլմեր կինոյի մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---