Ատոմ Էգոյանը` թուրքերին. Ձեր պետության կատաղի մերժումից հոգնել եմ

Ատոմ Էգոյանը` թուրքերին. Ձեր պետության կատաղի մերժումից հոգնել եմ

PanARMENIAN.Net - Ի՞նչ կասեիք թուրք ժողովրդին նրանց նամակ գրելու դեպքում հարցին «Ակօս»-ի էջերում պատասխանել են 16 հայտնի սփյուռքահայ, որոնց պապերի ու տատերի հայրենիքն է Մարաշը, Ադըյամանը, Արաբկիրը, Դերսիմը, Դիարբեքիրը, Վանը, Սըվասը, Մերսինը, Քիլիսը, Էրզրումը, Կեսարիան, Այնթապը, Ուրֆան։1915թ.-ին հայ ժողովրդի վերապրած Մեծ եղեռնի ամենակարևոր իրողություններից մեկը ողջ մնացածների՝ աշխարհով մեկ սփռվելն էր։

Նամակներից մեկի հեղինակը Սերժ Թանկյանն է. «Ինձ հետ իրենց պատմությունները կիսած և դրանց միջոցով իրական արդարության համար աշխատելու ուղղությամբ ինձ հույս տված հրաշալի մարդկանց շնորհակալություն հայտնել եմ ուզում։ Իսկ թուրք ժողովրդին ցանկանում եմ, որ կարողանան գտնել իրենց իրական ինքնությունը», - գրում է Tert.am-ը։

Թանկյանը նվել է 1967թ.-ին՝ Լիբանանում։ 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ 1994թ.-ին ստեղծված և համաշխարհային ճանաչում գտած System of a Down խմբի հիմքերը հայկական դպրոցում՝ խմբի մյուս անդամների հետ ծանոթանալուց հետո են դրվել։ Համալսարանում նվագելն ու երգ գրելը շարունակած Թանկյանի երաժշտական ուղին մինչ 2006թ.-ը նույն խմբի հետ է ընթացել, ինչից հետո սկսվել է նրա սոլո կարիերան։

Ցեղասպանությունից փրկված մեծ հոր թոռնիկը թե՛ գրած երգի բառերում, թե՛ որպես ակտիվիստ, Հայոց ցեղասպանության հարցից բացի ամերիկյան իրավական համակարգում առկա բացերը, էկոլոգիական խնդիրներն ու կենդանիների պաշտպանությանն առնչվող մի շարք թեմաներ է փորձել օրակարգ բերել։ Թանկյանն այժմ աջակցում է Հայաստանի ժողովրդավարության կառուցման համար պայքարող խմբերին։

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ գրել է. «Ձեր պետության կատաղի մերժումից հոգնել եմ, կյանքը չշարունակելուց հոգնել եմ։ Սակայն երբ դրա դիմաց տեսնում եմ նաև այլընտրանքը, այդ հոգնությունն ընդունելուց բացի այլ ելք չի մնում» ։

Էգոյանը ծնվել է 1960թ.-ին՝ Կահիրեում։ 1962թ.-ին ընտանիքը ներգաղթել է Կանադա, որտեղ էլ կրթություն է ստացել ու երիտասարդ տարիներից պիեսներ գրել։ 1984թ.-ին նրան մեծ հաջողություն բերեց առաջին ֆիլմը՝ Next of Kin-ը, ինչից հետո նկարահանած 13 ֆիլմերի շնորհիվ համաշխարհային հռչակ ստացավ։

2002թ.-ին Կանադայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ ընտրված «Արարատ» ֆիլմի միջոցով աշխարհում և Թուրքիայում ցեղասպանության թեման ևս մեկ անգամ օրակարգ բերեց։ Նրա ֆիլմերից շատերում դերակատարում ունեցած կնոջ՝ Արսինե Խանջյանի ու որդու՝ Արշիլի հետ բնակվում են Տորոնտոյում։

Իր նամակում Հայոց ցեղասպանությունից փրկված կնոջ մասին «Զաբելը» վեպի հեղինակ Նենսի Գրիգորյանը գրել է, որ ներողություն լսել չի ցանկանում։ «Թուրքիայում բնակվող ժողովրդից ներողություն լսել չեմ ցանկանում, բայց կուզեի, որ պատասխանեին այս հարցին. հայերին հարգանքից, հավասարության իրավունքից ու արդարությունից զրկելն ի՞նչ նպատակ է հետապնդում»։

Մասաչուսեթսի հայ համայնքում մեծացած Նենսի Գրիգորյանը կրթությունը շարունակել է Փարիզում և Կոլումբիա համալսարանում։ 1998թ.-ին լուս տեսած առաջին վեպը՝ «Զաբելը» Հայոց ցեղասպանությունից փրկված կնոջ պատմությունն էր։ Դասավանդել է Յեյլի, Քուինսի նման դպրոցներում։ Բնակվում է Նյու Յորքում։

Թուրքիային նամակ գրած անունների թվում են Լոս Անջելեսում բնակվող դերասան, ռեժիսոր Վահե Բերբերյանը, ռեժիսոր Սյուզան Խարդալյանը, Բեյրութից արվեստագետ Անիտա Թութիկյանը, ակադեմիկոս Աշոտ Բագրատունին, Մարսելից ռեժիսոր Ռոբեր Կետիկյանն ու գրող Վալերի Թորանյանը, Կալիֆոռնիայից ռեժիսոր Էրիկ Նազարյանն ու գրող Միշելին Ահարոնյան-Մարկոմը, Արգենտինայից գրող Ավետիս Հաջյանն ու գրող, բանաստեղծ Անիա Կարեն Հաջիանը, Կանադայից դերասանուհի Արսինե Խանջյանը, Սիրիայից գրող Թորոս Թորանյանը։ Նամակներն ամբողջությամբ հրապարակվելու են այս շաբաթվա ընթացքում։

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է հատուկ խումբ ձևավորել կառավարության կազմում, որը հակաքարոզչություն կտանի հայկական սփյուռքի դեմ ակադեմիական ու քաղաքական շրջանակներում: Միջոցառումները վերաբերելու են Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրադարձություններին: Ինչպես հայտնում է TurkishNY, խմբի ղեկավարը լինելու է Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը: Խումբը կոչված է քննարկումներ, խորհրդաժողովներ ու սիմպոզիումներ անցկացնել 1915 թվական իրադարձությունների վերաբերյալ «Ի՞նչ է տեղի ունեցել իրականում» ընդհանուր թեմայով:

2014 թվականի հունվարին Անկարայում Թուրքիայի դեսպանների ամենամյա հավաքում վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն որպես Թուրքիայի դիվանագիտական գործունեության գլխավոր ուղղություն նշեցին հակազդեցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս մնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---