Թեղուտի հանքավայրը կշահագործվի մինչև տարեվերջ

Թեղուտի հանքավայրը կշահագործվի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը մինչև տարեվերջ կշահագործվի: Թեղուտում անտառահատված 149 հա տարածքում այսօր կառուցած են լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, բացահանքը, լցակույտային տնտեսությունը և պոչանքային տնտեսությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին շրջել է հանքավայրի տարածքում, այցելել հանքահարստացուցիչ կոմբինատի մանրացման արտադրամաս, որն ի դեպ դեռևս չի գործում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը՝ ծրագրի առաջին փուլում նախատեսում են տարեկան 7 մլն տոննա հանքաքար վերամշակել՝ 150 -190 մլն դոլար արժողությամբ, գրում է Tert.am-ը:

«2007թ-ի նոյեմբերի սկզբին, երբ սկսեցինք մեր շինարարական աշխատանքները, այստեղ զրոյական վիճակ էր, ոչինչ չկար բացի կանաչ դաշտից: Մեր արտադրության առաջին փուլը սկսելուց մի քանի տարի հետո պետք է կրկնապատկենք արտադրանքի ծավալը: Մինչ օրս ծրագրի իրականացման համար ավելի քան 300 մլն դոլար է ծախսվել: Այստեղ աշխատում են ավելի քան 1200 մարդ՝ հիմնականում տեղի համայնքներից, ինչպես նաև ունենք արտասահմանից ժամանած մասնագետներ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին և հանքի շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցրած վնասին, ապա Վալերի Մեջլումյանը վստահեցրել է, որ հատված ծառերի փոխարեն կրկնակին են տնկում: Անդրադառնալով Թեղուտի հանքավայրի հարցը մշտապես բարձրացնող մի խումբ բնապահպան երիտասարդներին՝ նա նշել է, որ ինչպես ինքն է հասկացել, երիտասարդների նպատակը միայն էկոլոգիական խնդիրը լուծելը չէ. նրա խոսքով՝ անձնական այլ՝ հանրությանը ոչ հայտնի խնդիրներ ևս ունեն. «Մենք միշտ կապի մեջ ենք թե՛ հարակից համայնքների ապրողների հետ, թե՛ երիտասարդ բնապահպանների հետ, որոնք ունեն ոչ ճշգրիտ պատկերացում, թե որն է Հայաստանի ճիշտ ուղին տնտեսության զարգացման համար: Փաստորեն ամեն ինչի դեմ են նրանք: Բայց մենք աշխատում ենք բոլորի հետ կապ պահել, ունենալ բաց քաղաքականություն: Իսկ տարածքի բնակիչների դիրքորոշումը վերջին տարիներին դեպի լավն է գնում: Ես ինքս այստեղից եմ, իմ հարազատ Ծաղկաշատ գյուղը 20 կմ հեռավորության վրա է: Մենք անում ենք ամեն ինչ, որ ճիշտ ձևով կարողանանք Աստծո տված ընդերքից ու բնությունից ստանալ այն, ինչ պետք է մարդկանց ու վնասը հասցնել նվազագույնի»:

Իր հերթին ընկերության տնօրենի տեղակալ, երկրաբան Ռոբերտ Դերձյանը նշել է, որ ինչպես մարդու ցանկացած տնտեսական գործունեություն, այնպես հանքարդյունաբերությունը ունենում է ազդեցություն շրջակա միջավայրի վրա. «Մեր կողմից արվում է առավելագույնը վնասները մինիմալի հասցնելու համար: Ամեն մի հատված հեկտարի փոխարեն տնվում է 2 հա ու հետևում ենք, որ նորմալ անտառ դառնա: Այսինքն 149 հա հատված անտառի փոխարեն վերականգնվել է 378 հա»:

Ռոբերտ Դերձյանը նշել է, որ այս պահին ավարտին են մոտենում առաջին հանքաքարի արդյունահանման նախապատրաստական աշխատանքները. «Մենք արդեն ունենք հանքաքարը բացված վիճակում, և արդեն ավարտական փուլում է գտնվում բացահանքից դեպի հարստացուցիչ ֆաբրիկա տանող ճանապարհի շինարարությունը: Բացահանքի նախապատրաստական աշխատանքներին մնացել է 1-1.5 ամիս: Թեղուտի հանքավայրի շահագործման երկու փուլ է նախանշվում, առաջին փուլով նախատեսվում է 240 մլն տոննա լեռնային զանգվածի տեղաշարժ, որից 40%-ը հանքաքար է և 60% դատարկ ապարներ են: Այս պահին բացահանքից տեղափոխվել է 36 մլն տոննա դատարկ ապար»:

Տեղանքում հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձաններ՝ 13-րդ դարի հնձաններ, հին կառույցների մնացորդներ: Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հողի հետ գործ ունեցող աշխատակիցները հատուկ պատրաստվածություն են անցել, որ նման իրեր հայտնաբերելու պարագայում չվնասեն և զեկուցեն համապատասխան մարմնին:

Թեղուտը Լոռվա մարզում է: 2001-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ստացավ Թեղուտի հանքը 25 տարով շահագործելու թույլտվություն: Ըստ ծրագրի` հատվելու է 357 հա անտառ:Վերանում է մոտ 400 բույսի և կենդանու տեսակ: Երբ անտառն ամբողջությամբ հատվի, տարածքը կջրազրկվի և կվերածվի անապատի: Հանքարդյունաբերական թափոնը թափելու են Դուքանաձոր ձորում: Այդտեղ է լինելու ընկերության պոչամբարը` թափոնավայրը: Առաջանալու է 214 հա տարածք թունավոր թափոն: Համաշխարհային փորձից հայտնի է, որ այդ հեղուկ թափոնը խառնվելու է ստորգետնյա ջրերին, իսկ այդ տարածքով հոսում է 5 գետվտակ: «Վալեքս» ընկերությունը ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: Բնապահպաններն ակտիվ պայքար են մղում հանքի շահագործման դեմ, կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, ֆորումներ, ցույցեր ու պիկետներ: Ֆեյսբուք սոցցանցում գործում է «Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն - Save Teghut Initiative» էջը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

Բնապահպանները պնդում են, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման դեպքում (Լոռու մարզ) բոլոր հարող տարածքները կվերածվեն «մեռյալ գոտու»: Վերջին 15 տարում Հայաստանում զանգվածային անտառհատումների արդյունքում պահպանվել է անտառային տարածքի միայն 6 տոկոսը: Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում կոչնչացվի կուսական անտառի շուրջ 600 հա, ինչն, իր հերթին, բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի ֆլորայի ու ֆաունայի վրա:

Աղբյուր. «Էկոլուր»
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---