Աշխարհը հրաժեշտ է տալիս Գաբրիել Գարսիա Մարկեսին

Աշխարհը հրաժեշտ է տալիս Գաբրիել Գարսիա Մարկեսին

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում մարդիկ հրաժեշտ են տալիս մեծ կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին, որը հեռացավ կյանքից ապրիլի 17-ին 87 տարեկան հասակում: Հրաժեշտի արարողությունը կտևի մոտ 4 ժամ, որին կմասնակցեն համաշխարհային մշակույթի գործիչներ, ինչպես նաև գրողի բազմահազար երկրպագուները:

Դեռ որոշված չէ, թե որտեղ է հուղարկավորվելու Մարկեսի աճյունը: Գրողի մերձավորները, որոնք Մեխիկոյում են բնակվում, ցանկանում են, որ նրա աճյունը մնա Մեքսիկայի մայրաքաղաքում: Կոլումբիայում բնակվող հարազատները խնդրում են գրողի աճյունը հայրենիք տեղափոխել: Հնարավոր է նաև, որ աճյունի մի մասը մնա Մեխիկոյում, մյուս մասը տեղափոխվի Բոգոտա:

Բոգոտայի մայր տաճարում կմատուցվի պատարագ, Ազգային սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մոցարտի «Ռեքվիեմը»:

Գրողի մարմինը դիակիզվեց ապրիլի լույս 19-ի գիշերը: Արարողությանը ներկա էին միայն նրա մերձավորները:

Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացավ ապրիլի 17-ին Մեխիկոյում: Ըստ նախնական վարկածի, մահվան պատճառ հանդիսացան երիկամների անբավարարությունն ու ռեսպիրատոր հիվանդությունը: Մարտի 31-ին գրողը հոսպիտալացվեց թոքաբորբի կասկածանքով, սակայն մահվանից մեկ շաբաթ առաջ դուրս գրվեց հիվանդանոցից: Ասվեց, որ Նոբելյան դափնեկիրը բուժումը տանը կշարունակի: Հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Հակելինե Պինյեդան պնդում էր, որ գրողի առողջությանը սպառնացող լուրջ վտանգ չկա, սակայն, նա դեռ շատ թույլ է, հաշվի առնելով նրա տարիքը՝ 87 տարեկան:

Գրողը վաղուց արդեն առողջական խնդիրներ ուներ: Մոտ 20 տարի առաջ նա պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ: Իսկ 2012 թվականին նրա կրտսեր եղբայր Խաիմը պատմեց BBC-ին, որ Մարկեսը տառապում է ծերունական մտավոր տկարությամբ և այլևս չի կարող գրել, թեև նրա շրջապատի մարդիկ նշում էին, որ իր տարիքի համար նա բավականին լավ վիճակում է:

Գաբրիել Գարսիա Մարկեսը լայն ճանաչում ուներ ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Նա ծնվել է 1927 թվականի մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում: Մեխիկոյում նա հիմնավորվեց դեռ 1950-ականներին տիկնոջ՝ Մերսեդես Բարչայի և որդու՝ Ռոդրիգոյի հետ, իսկ երեք տարի անց ծնվեց նրա մյուս որդին՝ Գոնսալոն:

1982 թ. Մարկեսին շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ՝ վեպերի ու պատմվածքների համար, որտեղ ֆանտազիան ու իրողությունը, համատեղվելով, արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները, որից հետո նա մեծ ճանաչում ստացավ աշխարհում:

Մեքսիկայում Մարկեսը գրեց իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Հարյուր տարվա մենությունը»: Վեպը ոչ ոք չէր ուզում տպագրել: Գրողը ձեռագիրն ուղարկել էր կոլումբիական բոլոր հրատարակչությունները, սակայն, նրանցից ոչ մեկը չհամարձակվեց լույս ընծայել գիրքը, որը սկզբունքորեն նոր ոճով էր գրված և ժամանակի հետ ստացավ «մոգական ռեալիզմ» անվանումը: Անհաջող փորձից հետո Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրն ուղարկեց ձեռագիրը Բուենոս Այրես՝ «Սուդամերիկանա» հրատարակչության գլխավոր խմբագիր Ֆրանսիսկո Պորուային: Ձեռագիրն ուղեկցվում էր կարճ նամակով. ՝ «Կարդա, եթե չհավանես, պատառոտիր, ու ես կմոռանամ այդ վեպի մասին»:

Պորուան վեպը տպագրության ուղարկեց նույնիսկ մինչև վերջ չկարդալով: Եվ չսխալվեց: «Հարյուր տարվա մենությունը» դարձավ ամենապոպուլյար ստեղծագործությունը լատինամերիկյան գրականության ողջ պատմության մեջ:

Մարկեսը նաև հայտնի լրագրող էր, նրա ակնարկներն առաջին անգամ աչքի ընկան 50-ականներին: Մարկեսը հպարտանում էր իր ձախակողմյան ու հակաիմպերիալիստական համոզմունքներով: Որոշ լատինամերիկացի գրողներ քննադատում էին նրան Կաստրոյի հետ բարեկամության համար, իսկ նրա գրչակից ընկեր, նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան, նույնիսկ նրան «Կաստրոյի կուրտիզանուհի» է անվանել: Ինքը Մարկեսը պնդում էր, որ, ընկերանալով Կաստրոյի հետ, պայքարում է կուբացի այլախոհների ազատության համար: Մինչդեռ ԱՄՆ-ն երկար ժամանակ մուտքի արտոնագիր չէր տալիս Մարկեսին Կուբայի հետ կապերի ու ԱՄՆ քաղաքականությունը քննադատելու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---