Ամերիկյան «մեսիջ» Բաքվին. Բանակի համար ծախսվող միլիոնները չեն երաշխավորում նրա մարտունակությունը

Ամերիկյան «մեսիջ» Բաքվին. Բանակի համար ծախսվող միլիոնները չեն երաշխավորում նրա մարտունակությունը

PanARMENIAN.Net - Ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ, որ ռազմական բյուջեի ու զինված ուժերի իրական մարտունակության միջև կապը շատ թույլ է, և հաճախ հավասար ֆինանսավորմամբ բանակները շատ են տարբերվում միմյանցից մարտունակությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Վաշինգտոնի Միջազգային և ռազմավարական կենտրոնի առաջատար մասնագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խորհրդական Էդվարդ Լյուտվակը:

Ադրբեջանը մշտապես հայտարարում է իր բանակի մարտունակության մասին, հսկայական միջոցներ է ծախսում մեծ քանակով սպառազինություն գնելու համար: Սակայն Ադրբեջանից մշտապես ստացվող տեղեկությունները զենքի հետ «անզգույշ վարվելու» հետևանքով մահացու դեպքերի մասին վկայում են, որ ադրբեջանցի զինծառայողները չգիտեն իրենց ամրակցված զենքից օգտվելու կանոնները, էլ չասած ավելի լուրջ սպառազինության մասին: Իսկ հայկական զինված ուժերի դեմ պարբերաբար ու միշտ անհաջող դիվերսիաները վկայում են ադրբեջանական բանակի զինծառայողների ցածր պատրաստականության մասին:

Մեկնաբանելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցը մոլորակի բոլոր պետությունների գլոբալ ռազմական ծախսերի մասին՝ Լյուտվակը նշել է, որ ՀՆԱ տոկոսի տեսքով արտացոլված ռազմական ծախսերը ոչ միայն ապահովում են սպառազինումը, հեռանկարային տեխնիկական մշակումներն ու անձնակազմի ուսուցումը, այլ նաև քողարկում են զորահրամանատարների ու նրանց հետ կապված քաղաքացիական անձանց կոռումպացվածությունը, անիրազեկությունը, բարոյապես կամ ֆիզիկապես հնացած պաշտպանական ձեռնարկությունների ոչ ռացիոնալ սուբսիդավորումը և այլն:

«Եվ երրորդը, և այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ, ռազմական բյուջեի ու զինված ուժերի իրական մարտունակության միջև կապը շատ թույլ է, և հաճախ հավասար ֆինանսավորմամբ բանակները շատ են տարբերվում միմյանցից մարտունակությամբ: Ծախսերի միավորից ստացվող օգուտը տարբեր երկրներում կարող է տատանվել 10-ից մինչև 90 տոկոսի սահմանում: Մասնավոր տնտեսվարման համակարգում երկու ձեռնարկությունների արդյունավետության տարբերությունն ընդամենը մի քանի տոկոսով, հեշտությամբ ճակատագրական է դառնում հետ մնացողի համար, սակայն ինչ վերաբերում է բանակին, այդ տարբերությունը կարող է երկար ժամանակ ավելի մեծ լինել, հասնելով տասնյակների, առանց մեծ հետևանքների», –ասել է փորձագետը:

Ըստ փորձագետի, տարբերությունը ֆինանսավորման և մարտունակության միջև դրսևորվում է ինչպես կռվող բանակների, այնպես էլ այն ԶՈւ միջև, որոնք ներքաշված չեն հակամարտությունների մեջ: Նա նշել է, որ Հնդկաստանի ԶՈւ լավ են ֆինանսավորվում, բավականին լավ մարտական փորձ ունեն, սակայն ԶՈւ տարբեր տեսակների միջև համակարգման բացակայությունը բերում է նրան, որ հնդկական բանակի ընդհանուր արդյունավետությունն ամենևին էլ բարձր չէ: Ընդ որում յուրաքանչյուր առանձին գումարտակի արդյունավետությունը կարող է շատ բարձր լինել:

«Իսկ որքան երկրներ կան, որոնք հսկայական միջոցներ են ծախսում ռազմական նավատորմի վրա, որոնք օրինակելի մաքուր ու կարգապահ են, սակայն այդ նավատորմն ընդհանրապես զորավարժություններ չի անցկացնում, կամ էլ ծով է դուրս գալիս լիակատար հանդարտ եղանակի դեպքում: Կարելի է ևս մեկ օրինակ բերել. Միացյալ Արաբական Էմիրությունների ու Քաթարի ՌՕՈւ շուրջ 60 ինքնաթիռ ունեն, սակայն Լիբիայում մարտական գործողությունների ժամանակ նրանք կարողացան այնտեղ գործուղել միայն երկուական ինքնաթիռ, քանի որ մյուսների օդաչուները պատշաճ մասնագիտացում չունեին կամ էլ վատ շահագործման պատճառով ինքնաթիռներն ուղղակի հնարավոր չէր օդ բարձրացնել: Կամ էլ Մալայզիայի ու Սինգապուրի ՌՕՈւ օրինակը: Նրանց բյուջեները մոտավորապես համարժեք են, սակայն Սինգապուրի օդային նավատորմը իր մարտական ներուժով մի գլուխ բարձր է մալայզիականից», –ասել է Էդվարդ Լյուտվակը:

Ըստ Ստոկհոլմի ինստիտուտի հետազոտության, վերջին 10 տարում 23 երկրներ, հիմնականում բռնատիրական, ավելի քան երկու անգամ ավելացրել են պաշտպանական ծախսերը: Նրանց թվում են Ադրբեջանն ու Ղազախստանը:

Միայն ապրիլի առաջին երկու շաբաթում Ադրբեջանի բանակում ավելի քան 10 մահ է արձանագրվել «դժբախտ պատահարների» կամ ինքնասպանությունների հետևանքով:

Միայն մեկ օրում՝ ապրիլի 10-ին Ադրբեջանի բանակում միանգամից երկու միջադեպ տեղի ունեցավ մահացու ելքով: Շփման գծում տեղակայված զորամասի զինվոր Էլվին Ռյուսհատ օղլու Բազիրլին «զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով» վիրավորել է իրեն ինքնաձիգից: Զինվորը մահացել է հոսպիտալ տեղափոխելիս: Փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Ըստ նույն գործակալության մեկ այլ հաղորդագրության, ևս մեկ միջադեպ է գրանցվել Նախիջևանում տեղակայված N զորամասում՝ կախվել է զորամասի ենթասպա Ալեքբերով Սամիր Սահինօղլուն: Ինքնասպանության պատճառները պարզվում են: Ապրիլի 8-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որ ականի պայթյունից Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայող զոհվել է, վեցը՝ վիրավորվել Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ԼՂՀ ԶՈւ և ադրբեջանական զորքերի շփման գծում:

Պայթյունից զոհվել են Ադրբեջանի ԶՈւ կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, զինվորներ Սեյֆադդին Քերիմովն ու Նովրուզ Աբդուլլաևը: Վիրավորվել են զինվորներ Բահրուզ Մուսաևը, Ալի Միրզոևը, Ազեր Իսֆենդերզադեն, Մուրսալ Զուլֆուգարովը, Սադիգ Ջեբրաիլովը և Էմին Թալիբովը: Մանրամասները չէին ներկայացված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ականի վրա պայթած ադրբեջանցի 9 զինվոր իրականում ձախողված դիվերսանտներ են:

Ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Գրեթե նույն ժամանակահատվածում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, շփման գծի մոտ տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում «դժբախտ պատահար» է տեղի ունեցել: Զինվոր Գյարաքմյազլի Սեյմուր Ռուստամ օղլուն «անզգուշաբար» իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել իր ծառայակից Ինտիգամ Իլհամ օղլու Իսմաիլովի և զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի վրա: Զինվոր Իսմաիլովը մահացել է, Ալիևը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր ինքնասպան է եղել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն Յասամալի շրջանային դատախազության վրա հղումով, պատահարը գրանցվել է զորամասի տարածքում: Ադրբեջանի ՌՕՈւ սպա, գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալիևը կախվել է իր տանը: Ինքնասպանության պատճառները պարզվում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ադրբեջանական «Դոկտրին» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը, 2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ուժերի կորուստները հասել են 17-ի, 5 մարդ զոհվել է մարտական պայմաններում, 12-ը՝ ոչ մարտական: Ընդ որում 6 զինծառայող ինքնասպան է եղել, 3-ը մահացել են վթարների հետևանքով, ևս 3-ը՝ հիվանդություններից: Էլի 25 մարդ այդ ընթացքում վիրավորվել է կամ վնասվածքներ է ստացել: Նրանցից երկուսը վիրավորվել են մարտական պայմաններում, ևս երկուսը ՝ ականների պայթյունից: Մյուսները վիրավորվել են ոչ մարտական պայմաններում: Այլ տվյալներով, տարեսկզբից ադրբեջանական բանակում «անզգուշության» պատճառով սեփական անձի ուղղությամբ կրակոցների թիվը գերազանցել է 20-ը: Եվս 10 զինվոր ինքնասպան է եղել: Զինվորներն օգտվում են իրենց ամրակցված զենքից, պարաններից և նույնիսկ մկնդեղից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---