Էրդողանը նախ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն է արել, այնուհետև շտապել մեկնաբանել այն

Էրդողանը նախ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն է արել, այնուհետև շտապել մեկնաբանել այն

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին զարմացրել է բոլորին՝ պատմության մեջ առաջին անգամ նա իր պետության անունից ցավակցել է 20-րդ դարեսկզբին «իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին: «Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»,- իր հայտարարությունում, որը թարգմանվել է 8 լեզվով, այդ թվում՝ արևմտահայերեն ու արևելահայերեն, նշել է Էրդողանը։

Թուրքիայում տեղի ունեցածն այդ երկրի վարչապետը ձևակերպել է որպես «1915 թվականի իրադարձություններ» և «ընդհանուր ցավ» որակել:

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղած ցավալի իրադարձոթյունները բոլորիս ընդանուր վիշտն են: Պատմության այդ ցավալի շրջանին արդարամիտ հիշողության տեսնակյունից նայելը մարդկային և գիտական պատասխանատվություն է»:

Էրդողանի գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բազմակարծություն է Թուրքիայում, ինչը կարևոր է խոսքի ազատության տեսանկյունից։ Նրա խոսքով, անընդունելի է, որ 1915-ի դեպքերը քաղաքական կոնֆլիկտներ ստեղծելու համար Թուրքիայի դեմ որպես պատրվակ օգտագործվեն:

Հայտարարությունում նաև ասվում է․ «Ապրիլի 24-ն ամբողջ աշխարհի հայերի համար պատմական հարցի շուրջ ազատորեն խոսելու լավ առիթ է: Անվիճարկելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիները, անկախ կրոնից՝ թուրք, հայ, քուրդ, արաբ և այլ միլիոնավոր մարդկանց համար եղել են դժվարին ժամանակաշրջան: Ինչպես ասել են մեր նախնիները, «կրակն ընկած տեղն է այրում»: Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»:

Նշվում է, որ տարբեր կրոնի միլինոավոր մարդիկ են զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց դա չպետք է խոչընդոտի թուրքերի ու հայերի միջև համակրանք հաստատելու և փոխադարձաբար մարդկայնորեն վերաբերվելու համար:

Ընդգծվում է նաև, թե ժամանակակից աշխարհում պատմությունից թշնամանք սերմանելն ու նոր հակամարտություններ ստեղծելն անընդունելի և աննպաստ է հատկապես համատեղ ապագայի կերտման տեսանկյունից: Կարևորվում է դիմացինին լսելու, հասկանալու, հաշտության ուղիներ որոնելու, ատելությունը դատապարտելու, հարգանք ու հանդուրժողականություն դրսևորելու անհրաժեշտությունը` հակառակ բոլոր անհամաձայնություններին:

«Այս ընկալումով մենք` որպես Թուրքիայի Հանրապետություն, 1915-ի դեպքերը գիտականորեն հետազոտելու համար կոչ ենք արել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Այս կոչը դեռևս արդիական է: Թուրք, հայ և օտարերկրյա պատմաբանների աշխատանքը 1915-ի դեպքերի վրա լույս սփռելու և պատմությունը ճիշտ հասկանալու գործում կարևոր դեր կխաղա: Մեր արխիվները բաց են բոլոր հետազոտողների առջև: Այսօր դրանցում գտնվող հարյուր հազարավոր փաստաթղթեր բոլոր պատմաբանների տրամադրության տակ կարող են լինել: Թուրքիան, որպես ապագային վստահությամբ նայող երկիր, միշտ աջակցել է պատմությունը ճիշտ հասկանալու համար գիտական համապարփակ հետազոտություններին: Անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից հարյուրավոր տարիներ միասին գոյակցող, արվեստից մինչև դիվանագիտություն, պետական կառավարումից միչև առևտուր ամեն բնագավառում համատեղ արժեքներ ստեղծած անատոլիացիներն այսօր նոր ապագա կերտելու հնարավորություն ու ներուժ ունեն»:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ հինավուրց ժողովուրդներն իրենց անցյալին հասուն մարդու պես վերաբերվելու, կորուստներն իրենց վայել մեթոդներով միասնաբար հիշատակելու հարցում հույս ու հավատով են լցված:

«Մաղթում ենք, որ 20-րդ դարեսկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին ցավակցություններն հղում: Կարեկցանքով ու հարգանքով ենք ոգեկոչում նաև նույն ժամանակաշրջանում նմանատիպ պայմաններում մահացած մեր օսմանցի հայրենակիցներին` անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից», մեջբերում է Ermenihaber-ը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, նշել է․ «Ավելի հաճախ հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ, Անկարան փորձում է փոխել Հայոց ցեղասպանության իր ժխտողականության բնույթը։ Վարչապետ Էրդողանն իր հայտարարությունում Ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու անիմաստ փորձ է արել՝ հայերի ջարդը ներկայացնելով որպես հայերի ու թուրքերի միջև կոնֆլիկտ։ Բայց ոչ փաստերը, ոչ աշխարհում որևիցե օրենք չեն սատարում նրա միտքը։ Փաստը մնում է փաստ՝ Էրդողանի հայտարարությունն անսիրտ ու ցինիկ հնարք է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտում Հայոց ցեղասպանության հարցում արդարության կայացմանը»։

Ավելի ուշ Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է իր իս հայտարարությունը, գրում է Sondakika-ն։

«Միայն հայերի թոռներին չէ, որ ցավակցել եմ հրապարակված ուղերձում՝ այդ ժամանակահատվածում մահացած օսմանցիների թոռներին էլ եմ ցավակցել։ Այդ ժամանակ միայն հայեր չեն զոհվել, այլև այլազգիներ՝ թուրքեր, բոսնիացիներ, ալբանացիներ։ Բոլորի հոգիներին հանգստություն են մաղթում։ Նրանց հանդեպ կատարվածը ոգեկոչելուց առավել բնական ի՞նչ կարող է լինել։ Սակայն, ցավոք, շատերը դա օգտագործում են որպես գործիք, ինչը սխալ է, և մենք դրան դեմ ենք հանդես եկել, ու միշտ ընդգծել դա։ Մեր անելիք քայլից կարևոր է հակառակ կողմի քայլը։ Մենք միշտ առաջին քայլն ենք արել։ Վերջերս մեր արտգործնախարարն այնտեղ էր»,- ասել է Թուրքիայի վարչապետը, գրում է Tert.am-ը։

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրսմնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---