Լիտվայի պաշտպանության նախարարը Երևանում է. Պաշտոնական հանդիպումների շարք

Լիտվայի պաշտպանության նախարարը Երևանում է. Պաշտոնական հանդիպումների շարք

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:

Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Սերժ Սարգսյանը: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն: Հանրապետության նախագահը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության օրակարգը, բարձր գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ներկայիս մակարդակը և նախանշել համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Յուոզաս Օլեկասը հանդիպել է նաև Էդվարդ Նալբանդյանի հետ: Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։ Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Պաշտոնական հանդիպումներն այսքանով չեն ավարտվել. Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս է հայտնել, որ ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար:

Նրա գնահատմամբ երկու պետություններին ու ժողովուրդներին ավելի են մերձեցնում արժեհամակարգային ընդհանրությունները. պատահական չէ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, և մերձբալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորել է նաև ԵՄ-ին Լիտվայի անդամակցությամբ և Հայաստանի եվրաինտեգրման գործում ներդրած նրա ջանքերով: Նա հավաստիացրել է, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերով է պայմանավորված, ինչը երբեք խոչընդոտ չի կարող լինել ԵՄ-Հայաստան երկխոսության համար:

ԱԺ փոխնախագահը կարևորել է հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել Լիտվայի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցման և Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին՝ ասելով. «Մեր ժողովրդի հանդեպ գործած այդ ոճիրը պետք է սթափեցնի համայն մարդկությանը: Բոլորը պետք է ճանաչեն այն՝ նման եղեռնագործություններ թույլ չտալու համար: Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն»:

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասը խոսել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, հեռանկարների, մասնավորապես ռազմական համագործակցության մասին և հավաստիացրեց, որ Լիտվան հասկանում և սատարում է Հայաստանի խաղաղության ու կայունության ձգտումը և միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---