Ի՞նչ է թաքնված Էրդողանի հայտարարության հետևում

Ի՞նչ է թաքնված Էրդողանի հայտարարության հետևում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի շեմին չգիտես ինչու անառողջ ու ոչ այնքան համահունչ արձագանք ստացավ որոշ ԶԼՄ-ներում: Չգիտես ինչու բոլորը շտապեցին գրել, որ նա ներողություն է խնդրել հայերից, մի քիչ էլ՝ ու կգրեին, որ Թուրքիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հարցը ոչ միայն տեքստը ուշադիր կարդալու անկարողությունն է, այլ նույնիսկ տարրական ծուլությունը:

Կա նաև ընկալման իներցիա. Էրդողանն ասաց, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Թե ինչու հանկարծ թուրք վարչապետը մտահոգվեց Օսմանյան կայսրությունում ոչնչացված ժողովրդների ճակատագրով, դեռ կասենք, բայց պետք է ուշադրություն դարձնել նրա հայտարարության այս հատվածին. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով»: Ինչպե՞ս հասկանալ այդ «անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից»: Ստացվում է, որ տուժել է Օսմանյան կայսրության ամբողջ բնակչությունը, ներառյալ թուրքերին, և հուշարձանը, որ կանգնած է Անիի ճանապարհին՝ «հայերի ձեռքից զոհված թուրքերին», արտացոլում է այն ժամանակվա իրողությունը: Ըստ Էրդողանի՝ այո, իսկ ամենասարսափելին այն է, որ հայկական ԶԼՄ-ները ևս տարածելով հերթական թուրքական կեղծիքը, չմտահոգվեցին ու չճշտեցին որոշ մանրամասներ: Էրդողանը հավատարիմ մնաց իրեն, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիայի քաղաքականությանը. «Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»: Ահա այսպես:

Չկրկնենք Թուրքիայի սևեռուն գաղափարը՝ 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրող պատմական հանձնաժողովի ստեղծման մասին: «Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար»:

Իսկ ավարտական մասն արդեն սրտաճմլիկ է. «Մենք ցանկանում ենք, որ 20 դարի սկզբում զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, և ցավակցում ենք նրանց թոռներին: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոնի ու ազգի էլ նրանք պատկանեն, որոնք զոհվեցին այն ժամանակ նույն պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»: Եվ այստեղ հարցեր են ծագում, և առաջինը՝ թե ինչու հանկարծ Էրդողանը գնաց նման քայլի, անուղղակիորեն խոստովանելով, որ Օսմանյան կայսրությունում ամեն ինչ կարգին չէր և ավելի լավ է միանգամից որոշ փաստեր ճանաչել, որ հետո ավելի հեշտ լինի: Երկրորդը՝ ի՞նչը կամ ավելի ճիշտ ո՞վ ստիպեց Էրդողանին ելույթ ունենալ: Չգիտես ինչու անմիջապես հիշում ես Նեթանյահուի ներողության պատմությունը, երբ Օբաման տառացիորեն ստիպեց Իսրայելի վարչապետին հեռաձայնել Էրդողանին ու ներողություն խնդրել Mavi Marmara-ի համար…Հարցեր, միայն հարցեր:

Հայ ժողովուրդը, որքան էլ որոշ հայ գործիչներ ասեն, որ Ցեղասպանության թեման խանգարում է «առաջ շարժվել», չի ների և ոչ մի ներողություն չի ընդունի, քանի դեռ թուրքական պետության ղեկավարը չի բարձրացել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք չի մատուցել անմեղ զոհերի հիշատակին, որոնց սպանել են իր նախնիները:

«Մենք պահանջատեր ենք, և չենք խնդրում Թուրքիային, այլ պահանջում ենք մեր ոտնահարված իրավունքների վերականգնում: Մենք ասում ենք «ոչ» Թուրքիայի մերժողական քաղաքականությանն ու շարունակելու ենք մեր պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ծնկի չի իջել: Մենք պահանջում ենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածը: Ցեղասպանություն գործած Թուրքիան պետք է պատժվի», -հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---