Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը. Նախագահի ուղերձը

Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը. Նախագահի ուղերձը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին 1915-ի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքն է մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ու տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին: Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Նրանց ուղեկցել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, նորանշանակ նախարարներ Հրանուշ Հակոբյանը, Կարեն Ճշմարիտյանը, պատգամավորներ, դիվանագետներ և այլք: Զոհերի հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տերունական աղոք է հնչեցրել և հոգեհանգստյան կարգ մատուցել:

Օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է, թե նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը:

«Այսօր, գրեթե հարյուր տարվա հեռավորությունից դիտելիս, ակնհայտ է, որ մենք՝ որպես ազգ, պատրաստ չենք եղել դիմակայելու նման հարվածի՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ կազմակերպվելու առումով: Հայ ժողովրդի բոլոր հատվածները և բոլոր սերունդները շարունակում են մինչև այսօր իրենց ճակատագրի վրա զգալ այն հարվածի հետևանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Սա փաստ է: Բայց նաև փաստ է այն, որ մենք ստեղծել ենք մեր պետությունը և այսօր, ի տարբերություն անցյալի, և՛ հոգեբանորեն, և՛ կազմակերպականորեն պատրաստ ենք դիմակայելու նման աղետների՝ մանավանդ հայրենի հողի վրա: Աշխարհում հայի համար չի կարող լինել ավելի ապահով տեղ, քան սեփական պետության հովանու ներքո»,- նշել է նախագահը:

Նա հավելել է, որ ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիվ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել. «Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:

Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից:

Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք սա: Մենք երախտագիտությամբ ենք լցված նաև այն երկրների ու ժողովուրդների հանդեպ, որոնք ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին: Հայ ժողովուրդը դա միշտ է հիշելու, իսկ մեր քույրերն ու եղբայրները տասնամյակներ շարունակ պատասխանել ու պատասխանում են իրենց մեկնած ձեռքին՝ դառնալով այդ հյուրընկալ երկրների նվիրված քաղաքացիներ»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Սիրիայի հայության խնդրին` նշելով, որ նրանց համար շարունակվում է փորձության շրջանը, որը մեր բաց վերքն է ու մեր ամենօրյա առաջնային մտահոգությունը. «Եվ մեր բոլոր քայլերն ու գործողությունները Սիրիայի ժողովրդին ու սիրիահայ մեր հայրենակիցներին բաղձալի խաղաղությունը վերադարձնելու համար են»: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով և պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

«Այն համայն հայության հայրենիքն է, որը, չնայած տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ - ոչ խաղաղություն» իրականությանը, շարունակում է իր առաջընթացը: 2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում»,- եզրափակել է նախագահը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձն է հղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` նշելով, որ արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում և ոգեկոչում է անմեղ զոհերին:

«1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում:

Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության»,- ասել է Բակո Սահակյանը` վստահություն հայտնելով, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, և հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով. «Վստահ ենք, որովհետև լավ ենք սերտել պատմության դասը, և օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է»:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---