Աժիոտաժն Էրդողանի հայտարարության շուրջ անհասկանալի է, կարծում է ռուս քաղաքագետը

Աժիոտաժն Էրդողանի հայտարարության շուրջ անհասկանալի է, կարծում է ռուս քաղաքագետը

PanARMENIAN.Net - Համաշխարհային ԶԼՄ-ներում Էրդողանի հայտարարության շուրջ աժիոտաժն անհասկանալի է: Թուրքիայի կառավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի օրերին պարզաբանելու համար իր դիրքորոշումը: Այս տարվա հայտարարության միակ տարբերությունն այն է, որ այն ավելի ընդգրկուն է և պաթոսային ոճով: Այստեղ մեկ կարևոր հանգամանք կա: Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ուստի Թուրքիան արդեն այժմ հիմք է ստեղծում իր դիվանագիտության պաշտպանական գործողությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Մոսկվայի Միջագային հարաբերությունների պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Այդ դիվանագիտական խաղերի էությունն այն է, որ տպավորություն ստեղծվի, թե Թուրքիայի դիրքորոշումը փոխվում է դեպի ճանաչում և դրանով իսկ թուլացնել միջազգային քննադատության ճնշումը պաշտոնական Անկարայի վրա: Բայց եթե վերլուծենք Էրդողանի հայտարարությունն, ակնհայտ է դառնում, որ այնտեղ չկա ոչինչ, ինչ Թուրքիայի կառավարությունը չի ասել նախկինում:

Ցավակցությունը Ցեղասպանության զոհ գնացած հայերին անտեղի է հնչում, քանի որ կողմնակի դիտորդի դիրքորոշում է: Նույն հաջողությամբ Էրդողանը կարող էր ցավակցություն հայտնել Ռուանդայի ցեղասպանության զոհերին: Թուրքիայի ղեկավարությունից այլ բան են սպասում՝ Ցեղասպանության համար պատասխանատվության ճանաչում ու դատապարտում: Բայց հայտարարության մեջ նույնիսկ ակնարկ չկա, որ ապագայում դա հնարավոր է:

Ավելին, Էրդողանը փորձ է անում նսեմացնել Հայոց ցեղասպանության զոհերի ողբերգությունը՝ հավասարեցնելով այն Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին: Այսինքն, ըստ էության, Էրդողանը մեկ հարթության վրա է դնում մարտական գործողությունների արդյունքում զոհված տարբեր ազգությունների մարդկանց ու հայերին, որոնց ոչնչացրել է սեփական կառավարությունը կրոնական ու ազգային հատկանիշով:

Ցեղասպանության ճանաչումից խուսափելու Էրդողանի ցանկությունը տեսանելի է նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր իսկ 10-ամյա վաղեմության առաջարկը կրկնելուց, որն իբր պետք է ուսումնասիրի վիճահարույց հարցը: Այս առաջարկն ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական ծուղակ: Ընդունելով այն՝ Հայաստանը և մյուս երկրները նույնպես, դե ֆակտո կճանաչեն, որ Ցեղասպանության հարցը վիճելի է, այսինքն, հնարավոր է, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել: Դա բնականաբար կամրապնդի Թուրքիայի դիվանագիտական դիրքերը, որը պաշտպանում է իր ոչ կառուցողական մոտեցումն այդ հարցում», - ասել է Ալեքսանդրովը՝ հավելելով, որ եթե Թուրքիան անկեղծորեն շահագրգռված է, որ ճշմարտությունը հայտնի դառնա համաշխարհային հանրությանը, նա պետք է ուղղակի հրապարակի այդ շրջանի բոլոր պետական փաստաթղթերը՝ հանձնելով դրանք գիտական հանրության դատին: Բայց դա չի արվում և Թուրքիան չի էլ ուզում դա անել, թեև վաղուց կարող էր:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը:

Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---