Մահացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը (վիդեո)

Մահացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսից ապրիլի 24-ի առավոտյան վատ լուր ստացվեց. մահացել է Կոնստանտին Օրբելյանը, մարդ, առանց որի անհնար է պատկերացնել հայկական ջազի զարգացումը վերջին 60 տարում:

Նա ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Բայց երկար սովորել բախտ չի վիճակվել. ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից Նրա հորը ձերբակալել, հետո էլ գնդակահարել են: 2 տարի անց ձերբակալել ու 10 տարով ստալինյան ճամբարներ են ուղարկել նաև մորը:

Կոնստանտինը եղբոր հետ ստիպված է լինում տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: Մեծ եղբայրն աշխատանքի է անցնում դպրոցում, իսկ 11-ամյա Կոնստանտինն էլ նվագակցում է թեթևատլետների ելույթներին:

1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Որոշ ժամանակ անց ռազմական նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացված ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

Հայաստանի անկախացմանը զուգահեռ ջազը փլուզվեց, Օրբելյանը մեկնեց Նահանգներ: Բայց ամեն տարի Մաեստրոն վերադառնում էր Երևան, մասնակցում ձազային փառատոների, համերգների: Շատ երաժիշտներ կարող են ասել, որ Օրբելյանի աշակերտն են:

Կոնստանտին Օրբելյանը, ամեն ինչից զատ, նաև վիրտուոզ ջութակահար ու դաշնակահար էր: Նրա երգերից մեկում խորաթափանց միտք է հնչում. «100 ժամ երջանկություն. մի՞թե քիչ է»: Ի՞սկ եթե մի քանի տասնյակ տարիների երջանկություն: Երաժշտության` իր սիրելի մասնագիտության հետ միության երջանկություն: Ոչ, ոչ միայն մասնագիտության, այլև նրա բնույթի էության, կյանքի իմաստի:

Լսել ու տեսնել աշխարհը, անդադար ներքին աշխատանք, տառապանք և ուրախություն. ահա թե ինչ էր երաժշտությունը Կոնստանտին Օրբելյանի համար: Նա իրենց գործին անսահման նվիրված ու հավատարիմ ժամանակակից հայ կոմպոզիտորներից մեկն էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---