Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա. Սերժ Սարգսյանը Պրահայում է

Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա. Սերժ Սարգսյանը Պրահայում է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի24-ին մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նախագահ Զեմանին և չեխական իշխանություններին Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար. «Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արևելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց և լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը »: Սերժ Սարգսյանը նշել է, որ Պրաhա է ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:

Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը»,- շեշտել է նախագահը:

Նա հավելել է, որ Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:

«Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը, նախագահի համոզմամբ, շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը. «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը:

«Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար:

Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,- ելույթում ասել է ՀՀ նախագահը:

Նա նաև անդրադարձել է Ուկրաինային` նշելով, որ ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել:

«Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---