2015-ի ապրիլի 24-ին Օլանդը Երևանում կլինի. Հայերի ողբերգությունը մեկ անվանում ունի՝ Ցեղասպանություն

2015-ի ապրիլի 24-ին Օլանդը Երևանում կլինի. Հայերի ողբերգությունը մեկ անվանում ունի՝ Ցեղասպանություն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է երեկ Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված սգո արարողությանը: Ելույթ ունենալով Կոմիտասի արձանի մոտ՝ Օլանդը հայտարարել է, որ մտադիր է այցելել Հայաստան Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, և մասնակցել հիշատակի միջոցառումներին: Նա նաև հայտնել է, որ ընթացիկ տարվա մայիսի 12-ին տեղի կունենա նրա պետական այցը Հայաստան և հաստատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: Ֆրանսուա Օլանդը նաև մեկնաբանել է թուրք վարչապետ Էրդողանի հայտնի հայտարարությունը, որտեղ նա ցավակցություն է հայտնել Ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Էրդողանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. « Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Ֆրանսիայի նախագահն այս հայտարարությունը «բավարար չի համարել», թեև նշել է, որ Ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման առումով «որոշ առաջխաղացում» կա:

«Դա այն էր, ինչ մենք ուզում էինք լսել, բայց դա բավարար չէ», -ասել է Օլանդը՝ նկատի ունենալով Էրդողանի «ցավակցությունը»: Այդ ողբերգությունը միայն մեկ անվանում ունի՝ ցեղասպանություն», -հավելել է նա, հայտնում է Nouvelles d'Arménie-ին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մայիսին Երևան այցելության ժամանակ կհայտարարվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը նախաձեռնելու մասին, որը Ֆրանսիայի նախագահի նախընտրական խոստումներից մեկն է:

Հունվարի 27-ին Անկարայում Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ արեց Թուրքիային հրաժարվել մերժողական քաղաքականությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նաշել էր, որ համատեղ աշխատանք է պետք կատարել 1915 թվականի իրադարձությունների 100-ամյակի շեմին: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Օլանդը նշել է, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի է։ Ֆրանսիան 2000-ին Ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանդը։ .

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քվեարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական էր ճանաչել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---