Հայ ռեժիսորի «Մեկը ձեզ սիրում է» ֆիլմը Կաննի արտամրցութային ծրագրում է

Հայ ռեժիսորի «Մեկը ձեզ սիրում է» ֆիլմը Կաննի արտամրցութային ծրագրում է

PanARMENIAN.Net - Երիտասարդ պետերբուրգցի ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Մեկը ձեզ սիրում է» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Short film corner» արտամրցութային ծրագրում Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» Պետերբուրգում», դեռ մի քանի տարի առաջ Էվելինա Բարսեղյանը չէր էլ մտածում Կաննի մասին: Նա հոդվածներ էր գրում թերթի համար և սցենարներ՝ հեռուստատեսության և երբեմն երազում էր կինոյի մասին: Առաջին կարճամետրած ֆիլմը՝ «Գործարարը» նա նկարահանեց 2010 թվականին, հետո «Ճանաչում» ֆիլմն էր, որն էլ առաջին հաղթանակը բերեց: Կինոնկարը մասնակցեց Պետերբուրգի «Մետրոպոլիս» կինոֆորումին, որի ղեկավարն էր ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը: Իսկ հետո այն հայտնվեց «ՏՎ երկիր» ազգային մրցանակաբաշխության եզրափակչում:

«Այդ ժամանակ էլ որոշեցի մի լիրիկական ֆիլմ նկարահանել սիրո և երազանքների համար պայքարելու մասին: Ես երկու տարի մտածում էի այդ ֆիլմի մասին, նկարահանումների համար միջոցներ փորձում գտնել: Չէ որ կինոն թանկ հաճոյք է»,- ասել է նա:

Էվելինա Բարսեղյանը որոշեց ֆիլմը նկարահանել Սևանից ոչ հեռու գտնվող Դդմաշեն փոքրիկ գյուղում: «Այդ պատմությունը կարող էր տեղի ունենալ ցանկացած քաղաքում, այդ թվում և Պիտերում, բայց խնդիրն էլ ավելի սրելու համար որոշեցի գործողությունները տեղափոխել ավելի պահպանողական միջավայր: Գլխավոր հերոսուհի Անին ուզում է ինքն ընտրի իր կյանքի ուղին` հաշվի չառնելով շրջապատի կարծիքը, բայց դժվար է, քանի որ խուլ գյուղում երիտասարդի ամբողջ կյանքը նախապես կանխորոշված է ծնողների ու հարևանների կողմից: 24-ամյա Անին, որն ըստ տեղի բարքերի արդեն «պառաված օրիորդ» է համարվում, սիրահարվում է մի տղամարդու, որն իրեն համապատասխան չէ. ավելի հարուստ ու գեղեցիկ է: Բայց Անին պայքարում է հանուն իր երազանքի, թեև ոչ միշտ հաջողությամբ», -ասում է ռեժիսորը: Դերասաններին, ինչպես և նկարահանող խմբի անդամներին Էվելինան արդեն Հայաստանում էր փնտրում: Ամենադժվարը գլխավոր դերակատարին գտնելն էր:

«Ես շրջում էի բոլոր գործակալություններով ու ցույց տալիս Դանիլա Կոզլովսկու լուսանկարը և ասում, որ ինձ ճիշտ այսպիսի դերասան է պետք: Ի դեպ, Հայաստանում ռուս դերասաններին լավ են ճանաչում ու սիրում են: Արդյունքում ես ընտրեցի գեղեցիկ սևահեր Կառլոս Մուրադյանին, որն էլ կատարեց Արտյոմի դերը: Նա շատ պատասխանատու գտնվեց՝ նկարահանումների եկավ իր հարսանիքի հաջորդ օրը առավոտյան ժամը 7-ին: Իսկ գլխավոր դերի համար դերասանուհուն ես, հավանաբար, Պետերբուրգի շնորհիվ գտա: Պարզվեց, որ Արևիկ Գևորգյանը, արդեն բավականին հայտնի դերասանուհի, Պետերբուրգի իսկական ֆանատ է: Պարզվեց, որ Պետերբուրգը շատ են սիրում Հայաստանում: Ընդհանրապես, Հայաստանում շատ լավ են վերաբերվում ռուսաստանցիներին, բոլորը ռուսերեն են խոսում, քանի որ ռուսաց լեզուն դասավանդվում է առաջին դասարանից:

Ինձ համար անսպասելի էր, որ Հայաստանում դերասանուհիները չեն համբուրվում կադրում: Ընդհանրապես: Հայկական սերիալներում շատ են խոսում սիրո մասին, բայց ոչ մի կրքոտ համբույր այնտեղ չեք տեսնի: Բարեբախտաբար, իմ ֆիլմում ևս չկան շատ բաց տեսարաններ, իսկ որոնք կան, դերասանուհին համաձայնեց մարմնավորել: Իմ բախտը բերեց», -ասել է Բարսեղյանը: ֆիլմում խաղում են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև գյուղի բնակիչները: Ֆիլմի նկարահանումները տևել են 4 օր, 4 ամիս էլ կատարվել են մոնտաժային աշխատանքները, գրվել է երաժշտությունը:

«Ֆիլմն ուղարկեցի միջազգային կինոփառատոներ, այդ թվում Կանն: Շուտով եկավ պատասխանը, որ իմ ֆիլմն ընդգրկվել է ծրագրում: Չեմ կարող ասել, որ վստահ էր, որ կընդգրկվեմ, բայց հուսով էի, որ շանս այնուամենայնիվ ունեմ»,- խոստովանել է Էվելինա Բարսեղյանը:

Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է Ֆրանսիայի կրթության ու մշակույթի նախարար Ժան Զեյը, ով երազում էր, որ Ֆրանսիան դառնա համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձության անցկացման վայր և կարողանա մրցել Վենետիկի կինոփառատոնի հետ: Լուի Լումյերի նախագահությամբ Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր 1939-ին, սակայն հանդիսավոր բացումը կայացավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-ին: Ամենամյա կինոստուգատեսն անցնում էր սեպտեմբերին, իսկ 1952-ից՝ մայիսին: 1960-ականներին պաշտոնական մրցութային ծրագրից բացի երկու անկախ բաժին է բացվում՝ Կինոքննադատների միջազգային շաբաթ և Ռեժիսորների երկու շաբաթը: Մինչ 1972-ը հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կատարում էին արտադրող երկրները, իսկ այդ տարվանից կինոփառատոնն անկախություն ստացավ և իրավունք ինքնուրույն ընտրելու մրցութային ծրագրի մասնակիցներին:

1978-ից կինոփառատոնի գործադիր տնօրեն է նշանակվում Ժիլ Ժակոբը: Նա բացել է «Հատուկ հայացք» ծրագիրն ու սահմանել «Ոսկե կինոխցիկ» մրցանակը լավագույն դեբյուտային ֆիլմի համար: 1998-ի Ժիլ Ժակոբը բացել է «Սինեֆոնդասիոն» ծրագիրը կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար: Ծրագիրը զարգացում ստացավ 2000-ի La Résidence նախագծի շնորհիվ, որը կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ ռեժիսորների համար:

2004-ից Կաննի կինոփառատոնում թեմատիկ հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում կինոարվեստի «ոսկե ֆոնդից»: Այս տարի բացվեց «Դասական Կանն» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են վերականգնված հին ֆիլմեր, հետահայաց ցուցադրություններ կազմակերպվում, նվիրված տարբեր երկրների կինեմատոգրաֆին, ցուցադրվում են փաստագրական ֆիլմեր կինոյի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---