ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց Գալուստ Սահակյանին

ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց Գալուստ Սահակյանին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն միաձայն առաջադրել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը, որն ԱԺ-ում կքննարկվի ապրիլի 28-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստում։ Այս մասին ապրիլի 26-ին ՀՀԿ Գերագույն մարմնի ու Խորհրդի նիստերից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նախագահի առաջարկով քաղխորհուրդը Սահակյանի թեկնածության համար քվեարկել է միաձայն։ ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ Կառավարության անդամների հարց այս նիստին չի քննարկվել՝ հավելելով, որ ամբողջական կազմը կհայտարարվի մինչև մայիսի 3-ը։

«Գալուստ Սահակյանը խորհրդարանական աշխատանքի իր երկարամյա փորձով այս պահին կարող է լավագույնս ղեկավարել Հայաստանի օրենսդիր մարմինը, և սա միայն իմ կարծիքը չէ՝ նախագահն ու ՀՀԿ խորհուրդն էլ են այդպես մտածում»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ այսօր քննարկել են միայն Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

Շարմազանովի խոսքով, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Հարությունյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը,իսկ ԵԽԽՎ պատվիրակության նախագահ նշանակվել է Հերմինե Նաղդալյանը:

Դավիթ Հարությունյանն օրերս նախագահի հրամանով նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խորհրդարանի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին: Խորհրդարանի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են ԱԺ կանոնակարգ օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով։ Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ավելի վաղ խորհրդարանի նախագահի պաշտոնում շրջանառվում էր ՀՀԿ խմբակցության պատգամավորԿարեն Կարապետյանի անունը, ով ավելի ուշ հայտարարեց, որ չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին։

Պատգամավորի հայտարարությունում ասվում էր.

«Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ:

Բնական համարելով Կարեն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը, անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ այս պահի դրությամբ նա որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ են շատ-շատերը:

Կարեն Կարապետյանը մանրամասն ծանոթ է թե՛ տարբեր լրատվամիջոցներում, թե՛ սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին և շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրեն դիտում են որպես այս կամ այն պաշտոնի ամենահավանական ու ամենահարմար թեկնածու, հարկ է համարում շեշտել, որ վստահության նման մթնոլորտը առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել։ Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պատգամավորը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում»:

Ապրիլի 3-ին արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, արդեն ամսի 13-ին Հայաստանի նախագահը նոր վարչապետի պաշտոնում նշանակել էր մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին։ Նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ով է Հովիկ Աբրահամյանի փոխարեն զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել էր, որ նման քննարկում չի եղել՝ հավելելով, որ հարցը կքննարկեն մինչև ապրիլի 28-ը կայանալիք ԱԺ լիագումար նիստը։

ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆալկուլտետը։

1970-1972 թթ. Երևանի մետաքսի կոմբինատում փականագործ էր: 1972-1991 թթ. աշխատել է կրթական համակարգում նախ որպես ուսուցիչ, այնուհետև 2 դպրոցում եղել տնօրենի տեղակալ, հետագայում աշխատել է ևս երկու դպրոցում որպես տնօրեն: 1991-1996 թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալը:

1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1999-2003 թթ. նորից պատգամավոր է ընտրվել, նշանակվել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007 թթ. արդեն երրորդ անգամ պատգամավոր ընտրվել, եղել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-ին կրկին համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից պատգամավոր է ընտրվել, ՀՀԿ խորհրդի անդամ է:

1995-ին ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: 1998-ի փետրվարի սկզբին Հայաստանում իշխանական ճգնաժամ սկսվեց: ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որին հետևեց նաև Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Խորհրդարանի նախագահ դարձավ Խոսրով Հարությունյանը:

Երկրորդ գումարման ԱԺ ընտրությունները 1999-ի մայիսին էին, երբ խորհրդարանի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀ նախագահի հրամանագրով նույն տարվա նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն՝ ԱԺ նախագահ դարձավ Արմեն Խաչատրյանը։ ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովն աշխատանքն սկսեց 1999-ի հունիսի 10-ին և ավարտեց 2003-ի մայիսի 14-ին:

ՀՀ երրորդ գումարման ԱԺ ընտրությունները 2003-ի մայիսի 25-ին էին: Հունիսի 12-ին բացված առաջին նստաշրջանին խորհրդարանի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, ով 2006-ին հրաժարական տվեց: ԱԺ հաջորդ նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը: Վերջինս խորհրդարանի նախագահ վերընտրվեց նաև ԱԺ չորորդ գումարման ԱԺ-ում, բայց 2008-ին արդեն հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, վերջինս նաև վերընտրվեց 5-րդ գումարման ԱԺ նախագահ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---