101 կողմ և 3 դեմ. Գալուստ Սահակյանն ընտրվել է ԱԺ նախագահ

101 կողմ և 3 դեմ. Գալուստ Սահակյանն ընտրվել է ԱԺ նախագահ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ 101 կողմ և 3 դեմ ձայով ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Երկրորդ թեկնածու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օգտին կողմ քվեարկած քվեարթերիկների թիվը 3-ն է, իսկ դեմ՝ 101-ը։

Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, այսինքն առկա է եղել 106 քվեաթերթիկ, որոնցից 2-ը ճանաչվել է անվավեր։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քվեարկության մեկնարկից առաջ հայտարարել է, թե խմբակցության անդամներն ազատ են իրենց ընտրության հարցում։ Նույնն էր պնդել նաև «Օրինաց երկիր» խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը։ «Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր թեկնածությունն առաջադրելիս չէր խորհրդակցել խմբակցության հետ, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը դեռ երեկ հայտարարել էր, որ այսօր պետք է որոշում կայացնի, սակայն քվեարկության մեկնարկից առաջ «Ժառանգություն»-ից ներկայացուցիչներ դահլիճում չեն եղել։

Ապրիլի 28-ին Ազգային ժողովում տեղի էր ունեցել թեկնածուների առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում։ «Հանրապետական» խմբակցության անունից հանդես էր եկել խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, որը նշել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և համանուն խմբակցությունը քննարկել և միաձայն որոշել է առաջադրել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:

Ապրիլի 26-ին ՀՀԿ Գերագույն մարմնի ու Խորհրդի նիստերից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն միաձայն առաջադրել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Նախագահի առաջարկով քաղխորհուրդը Սահակյանի թեկնածության համար քվեարկել է միաձայն։ «Գալուստ Սահակյանը խորհրդարանական աշխատանքի իր երկարամյա փորձով այս պահին կարող է լավագույնս ղեկավարել Հայաստանի օրենսդիր մարմինը, և սա միայն իմ կարծիքը չէ՝ նախագահն ու ՀՀԿ խորհուրդն էլ են այդպես մտածում»,- նշել էր Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկել են միայն Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

«Պատասխանատվությունը մեծ է, բայց ինձ համար առավել գնահատելին վստահությունն է ոչ միայն իմ անձի, այլ հետագա գործունեության նկատմամբ: Խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում ամենակարևորն այն դրական ավանդույթների պահպանումն ու խորացումը կլինի, որ ձեռք է բերվել խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում, մասնավորապես վերջին տարիներին այդ իմաստով կարծես թե փոխհարաբերությունների նոր մշակույթ է ձևավորվել»,- ելույթում նշել էր Գալուստ Սահակյանը:

Նա հավելել է, որ քաղաքականությամբ զբաղվել՝ նշանակում է պայքարել ավելի լավի, լավագույն արդյունքների համար։ «Առանց քննադատության, վերլուծությունների, առաջարկությունների, երկխոսությունների՝ արդյունքներ անհնար է գրանցել, ես կողմնակից եմ դրան, առավել ևս՝ մասնակից։ Մենք բոլորս նույն նպատակի համար ենք պայքարում, ուղիներն են տարբեր, եթե գաղափարը առկա է, հնարավոր է դառնում քաղաքական ուժերի համաձայնեցում: Ինձ համար օտարոտի են հարաբերություններում խոցելի մոտեցումները, երբեմն՝ թշնամանքն ու բանսարկությունը, երբեք ինձ չեմ ուղղորդել որևէ առավել դերակատարման, որ ընդհանրապես տարբեր տարիներին ունեցել եմ, ամեն ինչ աշխատանքի արդյունք է եղել, իսկ այժմ պատշաճորեն շնորհակալություն եմ հայտնում այն վստահության համար, որով ձեր դատին եմ հանձնում իմ առաջադրումը: Ընտրվելու դեպքում իմ հետագա գործունեությունը ձեր ձայների հանրագումարից է կախված»։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Հրանտ Բագրատյանն էլ ապրիլի 28-ին հայտարարել էր ինքնաառաջադրման մասին: Նա ներկայացրել է պաշտոնը ստանձնելու դեպքում իր ծրագրերը` նշելով, որ ծնվել է 1955թ-ին, գիտության դոկտոր է, կոչումը ստացել է Մոսկվայում։ Բագրատյանը հավելել է, որ տիրապետում է 5 լեզուների «մաքուր, գերազանց կարդալ՝ արտահայտվելով»։ Բագրատյանը հիշեցրել է, որ եղել է վարչապետ, և ինչքան էլ իր մասին չարախոսեն՝ ՀՆԱ-ի աճ է ստացել 1994թ.՝ ԱՊՀ երկրների մեջ առաջինը։ Ըստ նրա՝ 96թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն գերազանցում էր և Վրաստանին, և Ադրբեջանին։

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը ներկայացրել էր իրենց դիրքորոշումը. «Դաշնակցությունը նույնկերպ է վարվելու, ինչպես վարվել է ԱԺ այս գումարման սկզբից սկսած. չենք մասնակցել ու մասնակցելու քվեարկություններին պարզ տրամաբանությամբ, քանի որ դրանք կանխորոշված են, հայտնի են արդյունքները ինչպիսին են լինելու դրա համար էլ ձենպահ ենք մնացել մասնակցել քվեարկություններին»: Նա նշել էր, որ ով էլ ընտրվի ԱԺ նախագահ, Դաշնակցություն խմբակցությունը կհամագործակցի նրա հետ, «այնքանով, որքանով նրա սկզբունքները կբխեն մեր մոտեցումներից»:

Ապրիլի 3-ին արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, արդեն ամսի 13-ին Հայաստանի նախագահը նոր վարչապետի պաշտոնում նշանակել էր մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին։ Նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ով է Հովիկ Աբրահամյանի փոխարեն զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել էր, որ նման քննարկում չի եղել՝ հավելելով, որ հարցը կքննարկեն մինչև ապրիլի 28-ը կայանալիք ԱԺ լիագումար նիստը։

ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆալկուլտետը։

1970-1972 թթ. Երևանի մետաքսի կոմբինատում փականագործ էր: 1972-1991 թթ. աշխատել է կրթական համակարգում նախ որպես ուսուցիչ, այնուհետև 2 դպրոցում եղել տնօրենի տեղակալ, հետագայում աշխատել է ևս երկու դպրոցում որպես տնօրեն: 1991-1996 թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալը:

1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999-2003 թթ. նորից պատգամավոր է ընտրվել, նշանակվել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար: 2003-2007 թթ. արդեն երրորդ անգամ պատգամավոր ընտրվել, եղել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-ին կրկին համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից պատգամավոր է ընտրվել, ՀՀԿ խորհրդի անդամ է:

1995-ին ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: 1998-ի փետրվարի սկզբին Հայաստանում իշխանական ճգնաժամ սկսվեց: ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որին հետևեց նաև Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Խորհրդարանի նախագահ դարձավ Խոսրով Հարությունյանը:

Երկրորդ գումարման ԱԺ ընտրությունները 1999-ի մայիսին էին, երբ խորհրդարանի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀ նախագահի հրամանագրով նույն տարվա նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն՝ ԱԺ նախագահ դարձավ Արմեն Խաչատրյանը։ ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովն աշխատանքն սկսեց 1999-ի հունիսի 10-ին և ավարտեց 2003-ի մայիսի 14-ին:

ՀՀ երրորդ գումարման ԱԺ ընտրությունները 2003-ի մայիսի 25-ին էին: Հունիսի 12-ին բացված առաջին նստաշրջանին խորհրդարանի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, ով 2006-ին հրաժարական տվեց: ԱԺ հաջորդ նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը: Վերջինս խորհրդարանի նախագահ վերընտրվեց նաև ԱԺ չորորդ գումարման ԱԺ-ում, բայց 2008-ին արդեն հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, վերջինս նաև վերընտրվեց 5-րդ գումարման ԱԺ նախագահ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---