Հայ գերին Ադրբեջանից վերադաձվել է Արցախ

Հայ գերին Ադրբեջանից վերադաձվել է Արցախ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի առավոտյան ադրբերջանական լրատվականները, հղում անելով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովին, տեղեկություն տարածեցին, որ 2014-ի ապրիլի 20-ին ձերբակալված հայ Վագիֆ Ռուբենի Մաելյանը բարեհաջող վերադարձվել է հայրենիք: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ գերու փոխանցումը տեղի է ունեցել Ադրբեջանի ԼՂՀ հետ սահմանում` Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ գյուղի տարածքում: Քաղաքացին հանձնվել է Արցախի իշխանություններին: Միջադեպեր չեն գրանցվել:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակիցները ապրիլի 29-ին այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և հինգ քաղաքացիական անձանց:

ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունից APA լրատվական գործակալությանը հայտնել են, որ Կարմիր Խաչի միջոցով գերիներին և նրանց հարազատներին տեղեկատվություն է փոխանցվել:

2013-ի օգոստոսի 8-ից գերության մեջ է զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որը չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Գևորգյանների ընտանիքը սահմանը հատելով ադրբեջանական կողմ է անցել 2010 թվականի հունվարին և երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել:

Միևնույն ժամանակ ադրբեջանական գերության մեջ մի քանի ամիս անցկացրած Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը հայտնել է, որ հոր առողջական վիճակը վատացել է, չի կարողանում քայլել, իսկ վիրահատած ձեռքն ամբողջությամբ ուռել է, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով, սոցիալական պայմանները ծանր են և հազիվ են հասցնում Մամիկոն Խոջոյանին անհրաժեշտ հիգիենիկ պարագաները գնել: Խոջոյան պապի դուստրը աղոտ կասկածներ ունի, որ Ադրբեջանում նրան «սալյարկա» են ներարկել, սակայն բժիշկների հետ այդ մասին չի խոսել:

«Մենք, որ հիվանդանոցում ասում էինք արյան անալիզի պատասխանները տվեք, տեսնենք, չէին տալիս: Ինձ թվում ա, որ սալյարկա են ներարկել, որտև էս մարդը մի ուրիշ ձև ա փոխվում»,- փոխանցել է տիկին Հեղինեն:

Մարտի 4-ին Բաքուն հետ էր վերադարձրել Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերեվարված Հայաստանի քաղաքացուն։ Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել էր: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը: Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Ավելի ուշ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրել էր, որ Խոջոյանը կտեղափոխվի Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---