Կոնգրեսական Շիֆը Կալիֆորնիայի վեհաժողովին կոչ է արել ճանաչել ԼՂՀ անկախությունը

Կոնգրեսական Շիֆը Կալիֆորնիայի վեհաժողովին կոչ է արել ճանաչել ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է ԼՂՀ անկախության մասին կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի ընդունումը Կալիֆորնիայի նահանգի ընթացակարգային հարցերի կոմիտեում և կոչ է արել Վեհաժողովին ընդունել բանաձևը:

«Տարիներ շարունակ ես սատարում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և ողջունում եմ բանաձևի ընդունումը Վեհաժողովի կոմիտեում: Ես ողջունում եմ նաև աջակցությունն Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքին, անկախ Ադրբեջանի ճնշումից, և կոչ եմ անում Վեհաժողովին անհապաղ ընդունել բանաձևը»,-ասել է Ադամ Շիֆը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Facebook-ի էջում:

Մայիսի 5-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի ընթացակարգերի կոմիտեն պատմական որոշում է կայացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին և կոչ արել ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ինքնորոշման իրավունքին: Կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի օգտին է քվեարկել 9 օրենսդիր, 1-ը դեմ է եղել, ևս 1-ը չի մասնակցել քվեարկությանը: Վեհաժողովի երկու պալատներում կքվեարկեն մայիսի 8-ին:

«Շնորհակալ ենք Մայք Գատտոյին այդ կարևոր բանաձևի համար, որով կոչ է արվում Կալիֆորնիայի նահանգին բարոյական դիրքորոշում որդեգրել ըստ ԱՄՆ ինքնորոշման ու ազատության գաղափարների՝ ճանաչելով Արցախի անկախությունը: Անհամբեր սպասում ենք, որ Կալիֆորնիան, Ռոդ Այլենդի, Մենի, Մասաչուսեթսի և Լուիզիանայի նահանգների օրինակին հետևելով, կսատարի մեր եղբայրների արդար պայքարին Արցախում հանուն խաղաղության ու բարգավաճման իրենց հողում»,- ասել է ANCA-WR նախագահ Նորա Հովսեփյանը:

Կալիֆորնիան տասնյակ հազարավոր ամերիկահայերի համար տուն է դարձել, որոնք փախստական դարձան 1988-ին՝ սումգայիթյան, ինչպես նաև 1988-ին Կիրովաբադի ու 1990-ին Բաքվի հայկական ջարդերի հետևանքով: Այդ էթնիկ զտումները հող նախապատրաստեցին Ադրբեջանի կողմից արդեն մոտ երկու տասնամյակ տևող ագրեսիայի համար, որի ընթացքում նա պարտվեց Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, իսկ հետո օգտագործեց իր նավթային հարստությունը հզոր ռազմական արսենալ գնելու համար: Ադրբեջանի առաջնորդները փորձում են վերսկսել պատերազմը քրիստոնյա ժողովրդի դեմ, որն ապրել է այդ հողում հազարավոր տարիներ: «Սատարում եմ Արցախի ազատությանը, և շարունակելու ենք խոսել այդ մասին՝ մերժելով ճնշումներն ու ադրբեջանական լոբբիի հորինվածքները»,- հայտարարել է Վեհաժողովի անդամ Սքոթ Վիլկը:

1991-ից անկախություն հռչակելուն պես Արցախը հաջողությամբ 5 խորհրդարանական ու 5 նախագահական ընտրություն է անցկացրել, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար ու թափանցիկ: Վերջին նախագահական ընտրությունները, որ կայացան 2012-ի հուլիսին, ստացան մոտ 20 երկրի, այդ թվում ԱՄՆ-ի մոտ 80 միջազգային դիտորդի դրական գնահատականը:

2014-ի հունվարի 7-ին Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն բանաձև ներկայացրեց ԼՂՀ անկախության ճանաչման մասին: AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդկանց ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքի մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդն ու հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախության ճանաչմանն աջակցելու գործում: Գատտոն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակներից մեկն է, ինչպես նաև մասնակցել է դրամահավաքին հօգուտ սիրիահայերի:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերը ու ճանաչման բուն գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն ու Գի Տեսիեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: 2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: 2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը:

2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հղումներ թեմայով.
Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---