«Եվրատեսիլում» ընտրեցին Կոնչիտային․ Արամ MP3-ն 4-րդն է (վիդեո)

«Եվրատեսիլում» ընտրեցին Կոնչիտային․ Արամ MP3-ն 4-րդն է

PanARMENIAN.Net - Հաջորդ տարի՝ 2015-ին, «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը կանցնի Ավստրիայում։ Այս մասին պարզ դարձավ մայիսի 10-ին Դանիայում անցնող «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում, որի խորագիրն էր Join us (Միացեք մեզ): Ավստրիան ներկայացնում էր Կոնչիտա Վուրստն իր Rise Like a Phoenix երգով։ Երկրորդ հորիզոնականում Նիդերլանդներից The Common Linnets խումբն է, երրորդ՝ երգչուհի Սաննա Նիլսենը Շվեդիայից։

Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնող շոումեն Արամ MP3-ն իր Not Alone երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Երաժշտության հեղինակն ինքն Արամն է, խոսքերը «Վիտամին» ակումբից Գարիկ Պապոյանինն են, գործիքավորումը՝ Լիլիթ Նավասարդյանինը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը։

Հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ ու օտարազգի կոմպոզիտորների 75-ից ավելի երգ։ Վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների ու մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի էին առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցներն ու հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալները: Այն մասին, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ում կներկայացնի Արամը, հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտարարել էր Հանրայինի ամանորյա եթերի ժամանակ:

Դանիայի մայրաքաղաքն ընդունել է «Եվրատեսիլը» նաև 1964 և 2001 թվականներին: Այս տարի մրցույթն այդ երկրում անցկացնելու հնարավորությունը Դանիան ստացել էր 2013-ին երգչուհի Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակի շնորհիվ:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը 1956-ից անցնում է ամեն տարի: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության մեկական ներկայացուցիչ այն երկրներից, որոնք մասնակցության հայտ են ներկայացնում: Փառատոնն անցնում է ուղիղ եթերում:

Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ելույթից հետո հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկությամբ:

Հայաստանն առաջին անգամ մասնակցության հայտ էր ներկայացրել 2005-ին, սակայն հետո հետ կանչեց իր հայտը: 2004-ի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006-ի Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---