Սիրիայում սկսվել է նախագահական ընտրարշավը

Սիրիայում սկսվել է նախագահական ընտրարշավը

PanARMENIAN.Net - Սիրիայում մեկնարկել է նախագահական ընտրարշավը: Երկրի Բարձրագույն սահմանադրական դատարանը հրապարակել է Սիրիայի նախագահի պաշտոնի հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը: Թեկնածուները երեքն են՝ Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարը, Հասան Աբդալլա ան Նուրին և Բաշար Հաֆեզ ալ Ասադը:

Դամասկոսի ու Սիրիայի մյուս քաղաքներում գովազդային վահանակներ են փակցված թեկնածուների ծրագրերից մեջբերումներով: Նախընտրական արշավին կմասնակցեն նաև ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, որտեղ մանրամասն կներկայացվեն թեկնածուների ծրագրերը, հայտնում է SANA գործակալությունը:

Նախընտրական քարոզարշավը կդադարեցվի քվեարկությունից 24 ժամ առաջ: Համընդհանուր ընտրությունների մասին սիրիական օրենքի համաձայն, թեկնածուները չպետք է վիճարկեն մրցակիցների իրավունքները, հրաժարվեն սադրանքներից ու զրպարտությունից, չպետք է արտահայտեն ազգային, կրոնական կամ տոհմային պատկանելությունը, քանի որ դա հակասում է հանրային շահերին ու բարոյականությանը: Ինչպես պարզաբանել է Սիրիայի Ժողովրդական խորհուրդը, ընտրություններին կարող են մասնակցել նաև արտերկրում գտնվող սիրիացիները՝ մայիսի 28-ին, իսկ երկրի ներսում քվեարկությունը տեղի կունենա հունիսի 3-ին:

ԱԳՆ-ն ու միգրանտների նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան, լինելով այն երկրներից մեկը, որը սատարում է ահաբեկիչներին ու մասնակցում է սիրիացիների արյունահեղությանը, քարոզչական ու թշնամական արշավ է վարում սիրիայի ժողովրդի դեմ, մերժել է ընտրություններին սիրիացիների մասնակցության իրավունքը ոչ միայն Փարիզում Սիրիայի դեսպանատանը, այլ նաև Ֆրանսիայի ամբողջ տարածքում: Այդ մասին Ֆրանսիան պաշտոնապես իրազեկել է Փարիզում Սիրիայի դեսպանատանը: Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ ափսոսանք է հայտնել, որ Ֆրանսիայում բնակվող Սիրիայի քաղաքացիները ֆրանսիական կառավարության անարդար գործողությունների պատճառով չեն կարողանա օգտվել սահմանադրական իրավունքից ու մասնակցել նախագահական ընտրություններին:

Նախարարությունը հաստատել է, որ նախագահական ընտրությունների անցկացումն արտերկրում ամրագրված է Սիրիայի Սահմանադրությամբ: Միայն Սիրիայի ժողովուրդը, անտեսելով խոչընդոտները, կարող է ազատ արտահայտել իր կամքն ու ընտրել նրան, ով ղեկավարելու է հաջորդ փուլում: Ֆրանսիան իր դիրքորոշմամբ բացահայտեց իր իրական դեմքը՝ հակազդելով Սիրիայի ժողովրդի ժողովրդավարական մղումներին:

ԱԳՆ նշել է, որ Ֆրանսիայի այս դիրքորոշումը բխում է ահաբեկիչներին սատարելուց, նպատակ ունենալով քանդել երկիրը: Սիրիան հորդորում է միջազգային հանրությանը դատապարտել Ֆրանսիայի կառավարության անպատասխանատու գործողությունները, ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Փարիզի Սեն Միշել հրապարակում սիրիական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել այդ որոշման դեմ:

Ընտրությունների պատճառով սիրիական ընդդիմությունը կարող է հրաժարվել իշխանությունների հետ բանակցություններից, զգուշացրել է Սիրիայի գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին դեռ մարտի 13-ին: «Դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն ընտրությունների մասին չկա: Բայց եթե լինի, չեմ կարծում, որ ընդդիմությունը կցանկանա խոսել դրանից հետո»,-ասել է Բրահիմին Սիրիայի գծով ՄԱԿ ԱԽ նիստից հետո:

Ապրիլի 8-ին Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին հայտարարեց, որ նախագահական ընտրությունների անցկացումը չի հակասում Ժնևի կոմյունիկեին, իսկ Բրահիմիի հայտարարությունը, թե ընտրությունները հակասում են ժնևյան պայմանավորվածություններին, միայն հաստատում են նրա կանխակալ մոտեցումն ու հավատարմությունն ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Թուրքիայի շահերին:

2000 թվականի հուլիսին հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը կառավաել է 1970-2000 թթ., Բաշար Ասադն ընտրվեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ: Վերընտրվել է այդ պաշտոնում 2007 թվականի մայիսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---