Կիպրոսի թուրքական մասի հայկական եկեղեցում 50 տարում առաջին անգամ պատարագ է մատուցվել13 մայիսի 2014 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Վերջին 50 տարում առաջին անգամ Կիպրոսի Սբ Մարիամ եկեղեցում արքեպիսկոպոս Վարուժան Հերհելյանը կիրակնօրյա պատարագ է մատուցել: Եկեղեցին գտնվում է Նիկոսիայի հյուսիսային մասում, որը գրավել են թուրքական զորքերը, գրում է Asbarez-ը Gibrahayer Magazine-ի վրա հղումով: Պատարագի ժամանակ ընթերցվել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի ուղերձը: Եկեղեցին գտնվում է Նիկոսիայի գրավյալ տարածքում, որը միջազգային հանրությունը ճանաչում է որպես Կիպրոսի մաս: Սբ Մարիամ եկեղեցին ապաստան դարձավ շատ հայերի համար Ցեղասպանության տարիներին, 1915-1923 թթ.: 2014 թվականի մարտին եկեղեցուց ու վանքից բաղկացած համալիրը վերականգնվեց: Բացմանը մարտի 17-ին ելույթ ունեցավ Կիպրոսում ԱՄՆ դեսպան Ջոն Քենիգը: Ըստ նրա, համալիրի բացմանը ներկա էին կղզու բոլոր համայնքների ներկայացուցիչները՝ հայեր, հույներ, թուրքեր: Նա նշեց նաև, որ բոլոր համայնքները մասնակցել են վանական համալիրի վերականգնմանը: «Պատմական ժառանգության պահպանումը այլ ազգերի հանդեպ հարգանքի ամենակարևոր դրսևորումն է»,-ասել է Քենիգը: Սբ Աստվածածին վանական համալիրը կառուցվել է VIII դարում: Այն գործել է մինչև 1963 թվականը, սակայն Կիպրոսում հակամարտության սկսվելուց ու թուրքերի կողմից հյուսիսային մասի գրավումից հետո հայ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ Կիպրոսի հունական մասը: Վանական համալիրը վերականգնվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Վերականգնողական աշխատանքները տևել են 2006-2013 թթ.: Երկար ժամանակ վերականգնումը հարցականի տակ էր: 2012 թվականին ՄԱԿ Զարգացման ծրագիրն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարեցին համալիրի վերականգնման համար անցկացված թենդերի ապօրինի լինելու մասին, քանի որ այն անցկացրել էր թուրքական կողմը խախտումներով: Ըստ այդ թենդերի, վերականգնումից հետո, հայկական վանական համալիրը, որը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի տարածքում, կպատկաներ Թուրքիայի Միջին Արևելքի ինստիտուտին: Ինստիտուտն էլ իր հերթին մտադիր էր եկեղեցին վերածել Արևելքի մշակույթի ու թրքագիտության կենտրոնի: Հյուսիսային Կիպրոսի թուրքական իշխանությունների այս որոշումից հետո ՄԱԿ Զարգացման ծրագիրն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր էին չեղյալ համարել միջոցների տրամադրման վերաբերյալ որոշումը: Մինչդեռ, ըստ վանական համալիրի վերականգնման ծրագրի, եկեղեցին պետք է հանձնվեր Կիպրոսի հայ համայնքին, ինչը թուրքական կողմը բացառում էր: 1981 թվականին Նիկոսիայի հունական մասում հայերը նոր եկեղեցի կառուցեցին: Այն անվանակոչվեց կղզու հյուսիսային մասում մնացած միջնադարի եկեղեցու պատվին՝ Սբ Աստվածածին: Նոր եկեղեցին կառուցվեց Կիպրոսի Հանրապետության կառավարության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, մի շարք եվրոպական եկեղեցիների աջակցությամբ ու մասնավոր նվիրատվություններով: Ըստ ՄԱԿ տվյալների, Կիպրոսում շուրջ 3 հազար հայ է բնակվում: Հիմնականում նրանք Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են: Կիպրոսի հայերը, ըստ բուն կիպրոսցիների, մեծ ավանդ են ունեցել և ունեն երկրի պատմամշակութային զարգացման մեջ: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը Թուրքիայից բացի ՄԱԿ անդամ ոչ մի երկիր չի ճանաչել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |