ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով. Պատճառն ընկերության կամայական գործողություններն են

ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով. Պատճառն ընկերության կամայական գործողություններն են

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում Հայաստանի էլցանցերըտուգանվել է 20 մլն դրամով: Պատճառը` ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլէկտրամատակարարումից, գրում է Panorama.am-ը:

Ինչպես նշել է հարցը զեկուցող ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանը, մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են հանձնաժողով, տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման: Սակայն էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց իսկ բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, բայց վերջինիս կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը ՀԷՑ-ն է: Հետևաբար, հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինն իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Հանձնաժողովի պահանջով ՀԷՑ-ը պարզաբանումներ է ներկայացրել խնդրի վերաբերյալ` նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ:

Ըստ ՀԷՑ-ի, վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով գործն ավարտին չի հասել: Մասնավորապես, ՀԷՑ-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողն իրենց հանդեպ չկատարված ֆինանսական պարտավորություններ ունի: Սակայն, ըստ Փինաչյանի, ՀԷՑ-ի գործողությունները և պահանջն անօրինական են:

Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀԷՑ-ի գործողություններն օրինական չեն: Եթե անգամ շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ: Հարկ է նաև նշել, որ 2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և ՀԷՑ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011-ին, ինչը փաստացի չի կատարվել:

Այսպիսով, հանձնաժողովի որոշմամբ, ՀԷՑ-ը պարտավոր է 7-օրյա ժամկետում բնակիչների հետ էներգամատակարարման պայմանագրեր կնքել: Որոշման արդյունքում կկարգավորվի ոչ միայն այս, այլև կլուծվի ամբողջ շենքի ջրամատակարարման, ինչպես նաև վերելակների խնդիրը:

ՀԷՑ-ը վերջերս ևս ՏՄՊՊՀ տեսադաշտում էր: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ապրիլի 16-ի նիստում 5 մլն դրամով տուգանել է (ՀԷՑ) նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման և ֆինանսականան կարգապահության համար: Ընկերության նկատմամբ ֆինանսական տույժը կիրառվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը։

Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է։ Դեռևս փետրվարի 26-ին, օրինակ, Yerkir.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով Էլցանցերը մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի սնանկացման մասին, որը կապված է վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ։ Մոտ 935․000 սպառողի սպասարկող այդ ընկերությունը կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ընկերությունը, սակայն չէր մեկնաբանել սնանկացման մասին լուրերը։

Նշենք, որ վերջին անգամ էլէներգիան թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

Սնանկացման հասցված շատ ընկերությունների օրինակով ՀԷՑ-ին էլ, որպես կանոն, «օգնության ձեռք կմեկնի» արտասահմանյան ներդրումային մի ծրագիր և, ձեռք բերելով էլէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր, հնարավորություն կստանա բարձրացնելու սակագինը, գրել էր կայքը՝ հավելելով, որ ներկայումս այս ընկերությունով հետաքրքրվում է ռուսական «Ռոսնեֆտ»-ը, որը մի քանի ամիս առաջ հայտարարել էր Հայաստանում 500․000․000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 11 մասնաճյուղ ունի, այն ՌԴ էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատոր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերություններից է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---