Վերնիսաժի դիմաց կրակոցներ են հնչել․ 5 վիրավոր կա

Վերնիսաժի դիմաց կրակոցներ են հնչել․ 5 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին` ժամը 13:25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեում կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:

Հերթապահ բժշկուհու խոսքով, իրենց մոտ տեղափոխվել են 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 72-ամյա Մնացական Սուքիասյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը և 30-ամյա Նորայր Հարությունյանը, գրում է Panorama.am-ը:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանի խոսքով, վիրահատվողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ «Բոլորն էլ մեզ մոտ են բերվել ստորին վերջույթի հրազենային վնասվածքով և նրանք բոլորն էլ վիրահատվում են»,- նշել է նա, գրում է Tert.am-ը։

Հարցին, թե արդյոք նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկը պատասխանել է. «Հուսանք, որ ոչ»։

Առայժմ հայտնի չէ` նրանք փոխհրաձգության մասնակիցներ են եղել, թե ուղղակի անցորդներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի (այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) և 258 հոդվածի 4-րդ մասի (այն է Խուլիգանություն հոդվածի առաջին (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը) կամ երկրորդ (հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով) կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---