Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի․ Մեկնարկային գինը $46 մլն է (թարմացված)

Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի․ Մեկնարկային գինը $46 մլն է (թարմացված)

PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի, մեկնարկային գինը սահմանվել է 19.350.000.000 ՀՀ դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար): Ըստ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի, համալիրը գրավի առարկա է։ Աճուրդը կավարտվի մայիսի 29-ին:

Մարզահամերգային համալիրը 5.700.000 դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005 թվականի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

Նկարագրության մեջ նշվում է, որ մարզահամալիրը գտնվում է Կենտրոն համայնքում` Ծիծեռնակաբերդի զբոսայգում. «Յոթ հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտրոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով:

Մարզահամալիրի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են 2005-2008-ն ընկած ժամանակահատվածում, արդյունքում կառուցվել են նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության և կապի համակարգեր, վերակառուցվել է սահադաշտը: Գլխավոր մուտքի վերին հատվածում ամբողջ երկարությամբ արտաքին պատերին քանդակներ կան: Գորելյեֆը Լենինականի տուֆից է, թեման՝ «Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է», քանդակի բարձրությունը 6, երկարությունը՝ 60 մետր է: Կառույցի շրջակա տարածքը ամբողջությամբ բարեկարգված է, ամբողջ երկարությամբ՝ կառույցին զուգահեռ մեկ ընդ մեջ հասարակական օգտագործման համար նստարաններ կան, մետաղական աղբարկղեր, ինչպես նաև շրջակա ամբողջ տարածքը ապահոված է լուսամփոփներով, ճանապարհը ասֆալտապատված է, ազատ տարածքում քարե սալիկներ են, ճանապարհը եզրագծված է բազրիքներով, կան նաև գեղեցիկ լուծումներով կանաչապատ տարածքներ»:

2013-ի մարտի 5-ին 51.270.840 ԱՄՆ դոլար մեկնարկային գնով աճուրդի էր հանվել նաև Հայաստանի ԱԳՆ շենքը: Սակայն գնորդի բացակայության պատճառով այն չէր կայացել: Հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանն ու «Տանգո» ընկերությունը ցանկանում էին ձեռք բերել շենքը, սակայն, հաշվի առնելով հանրության տեսակետը, որոշվել էր շենքն աճուրդի հանել:Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը ԱԳՆ շենքի համար առաջարկել էր այնքան գումար, ինչքան կազմում էր աճուրդի մեկնարկային գինը՝51,2 մլն դոլար:

2012-ի հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ կառավարական համար 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին:

«Տանգո» ընկերությունը չէր փոշմանել գնել շենքը, բայց մեկ պայման կար՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հողը պետք է գնեն և շենք կառուցեն, հետո այն բաժնետոմսերի միջոցով կփոխանակվի ԱԳՆ շենքի հետ, իսկ մնացած գումարները կուղղվեն պետբյուջե: Այժմ այդ շենքը շինարարության փուլում է։

Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։

Ավելի ուշ ԴԱՀԿ-ն պարզաբանել է համալիրն աճուրդի հանելու մասին որշումը․ Ծառայության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է․

«2014-ի ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:

Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում 2014-ի մայիսի 15-ին վերսկսվել է հայցի ապահովման վերաբերյալ նախկինում ավարտված կատարողական վարույթը, և մայիսի 16-ին որոշում կայացվել փորձաքննություն նշանակելու մասին` կատարողական թերթում նշված գույքի գնահատման նպատակով: Փորձագետի եզրակացությամբ նշված գույքը գնահատվել է 25.800.000.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով մայիսի 5-ին որոշվել է գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19.350.000.000 ՀՀ դրամ` ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:

Պարտապան «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաբերյալ մայիսի 20-ի դրությամբ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր 511.992.968 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---