Ըստ ԼՂՀ ԱԳ նախարարի, ճնշումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում չեն աճել

Ըստ ԼՂՀ ԱԳ նախարարի, ճնշումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում չեն աճել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը չի կիսում վերջին շրջանում բարձրաձայնվող կարծիքները, թե ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում այսչափ ճնշումներ չեն եղել` հաշվի առնելով միջնորդների, միջազգային հանրության կոչերը, որոնք ըստ էության հակասում են ղարաբաղյան կողմի դիրքորոշումներին:

«Միանշանակ չեմ կիսում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրզոյանը: - «Ես չեմ տեսնում որևէ ճնշում ղարաբաղյան կողմի վրա: Խոսքը գնում է նորմալ բանակցային գործընթացի, զարգացումների վերաբերյալ: Երբ որ գնում է բանակցային գործընթաց, ակնհայտ է, որ թե' կողմերը, թե' համանախագահողները պետք է արտահայտեն իրենց տեսակետները, իրենց մոտեցումները: Եվ այստեղ օգտագործել ճնշում բառը, ես կարծում եմ, տեղին չէ»:

Հարցին, թե ինչով է բացատրվում այն, որ ԼՂ արտգործնախարարությունը, ի տարբերություն պաշտոնական Երևանի, բավականին կոշտ արձագանքեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի հրապարակած` հակամարտության կարգավորման վեց սկզբունքներին, նախարարն արձագանքեց. - «Ես բնական եմ գտնում, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը, այսինքն ոչ թե դիրքորոշումը, այլ որդեգրած ուղին որոշակի տարբերություններ են ունենում: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք միակարծիք ենք նպատակի վերաբերյալ, բայց բնական է, որ յուրաքանչյուր կողմը որոշակի ճանապարհ է նախընտրում այդ միասնական ընդհանուր նպատակին հասնելու համար», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին:

Իր հերթին, ինչպես հայտնում է Armenia Today-ը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը չի կարող այդքան շուտ հանգուցալուծվել»: «Ադրբեջանի իշխող վերնախավի համար ռացիոնալ ու անհրաժեշտ է պահել Ղարաբաղի գործոնը որպես երկիրը համախմբող գործոն, իսկ ղարաբաղյան հարցը փոխզիջումներով լուծելն այդ վերնախավի համար անընդունելի է»,-գտնում է Իսկանդարյանը: Ըստ նրա, բանակցային գործընթացում միմյանց օգնելու փորձեր չկան, այն, ինչ այսօր է կատարվում հերթական պատերազմն է ուղղակի առաջարկությունների, թղթերի ու հայտարարությունների մակարդակով: Քաղաքագետը պատճառներ չի տեսնում բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխման համար, սակայն դրանք կարող են ձևավորվել: «Բայց դրա համար ինչ-որ բան պետք է տեղի ունենա, նման տիպի հակամարտությունները արագ չեն կարգավորվում: Հայաստանում սխալ վերաբերմունք է հակամարտության ընթացքի հանդեպ: Հայերն ասում են, որ անցել է արդեն 20 տարի, իսկ ես ասում եմ՝ ընդամենը 20 տարի է անցել»,-ասել է Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի, այդպիսի հարցերը հեշտ չեն լուծվում և դա պատահական չէ: «Նման հակամարտությունները խնդիրների բավականին լուրջ համալիր են, որոնց հանգուցալուծումը հատուկ ու շատ նուրբ աշխատանք է պահանջում, սակայն կողմերը չեն ցանկանում ձեռնամուխ լինել դրան»,-վստահ է փորձագետը: Ըստ Իսկանդարյանի, և կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ է, որ ոչինչ չի փոխվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---