ԱՄՆ փոխնախագահը Կիպրոսում հանդիպել է բոլոր եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ

ԱՄՆ փոխնախագահը Կիպրոսում հանդիպել է բոլոր եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Կիպրոս ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հանդիպել է կղզում գործող բոլոր եկեղեցիների՝ Հույն ուղղափառ, Հայ Առաքելական, կաթողիկե եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ինչպես նաև մահմեդականների ղեկավարի հետ: Հանդիպմանը մասնակցել են արքեպիսկոպոս Խրիզոստոմը, մուֆտի Ալաթայը, մարոնիտների առաջնորդ արքեպիսկոպոս Ջոզեֆ Սուիֆը, ՀԱԵ Կիպրոսի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Վարուժան Հերհելյանի, կաթոլիկների ներկայացուցիչ հայր Զաքհեոս Տուլնինոֆի հետ: Հանդիպումից առաջ Կիպրոսի ոստիկանությունը անվտանգության աննախադեպ միջոցներ է ձեռնարկել: Ինչպես գրում է Cyprus Mail-ը, հանդիպումն անցել է փակ դռների ետևում: Մամուլի համար հայտարարություններ չեն արվել:

Կլոր սեղանից հետո առանձնազրույց է տեղի ունեցել Բայդենի ու արքեպիսկոպոս Խրիզոստոմի միջև, որտեղ հիերարխն իր տեսակետն է հայտնել Կիպրոսի հիմնախնդրի վերաբերյալ: Նա նշել է հավասարակշիռ մոտեցման անհրաժեշտությունը, քանի որ հակառակ դեպքում հունական կողմը իրեն վիրավորված կզգա, իսկ թուրքականը հակամարտությունը վերսկսելու ուղիներ կորոնի: «Քրիստոնյաներն ու մահմեդականները կղզում պետք է կարողանան այցելել իրենց սրբավայրերը, ինչպես կառավարության կողմից վերահսկվող շրջաններում, այնպես էլ կղզու հյուսիսային մասում»,-ասել է արքեպիսկոպոսը:

Մայիսի 13-ին Կիպրոսի Սբ Մարիամ եկեղեցում վերջին 50 տարում առաջին անգամ պատարագ մատուցվեց: Եկեղեցին գտնվում է Նիկոսիայի հյուսիսային մասում, որը գրավել են թուրքական զորքերը: Սբ Մարիամ եկեղեցին ապաստան դարձավ շատ հայերի համար Ցեղասպանության տարիներին, 1915-1923 թթ.:

2014 թվականի մարտին եկեղեցուց ու վանքից բաղկացած համալիրը վերականգնվեց: Բացմանը մարտի 17-ին ելույթ ունեցավ Կիպրոսում ԱՄՆ դեսպան Ջոն Քենիգը: Ըստ նրա, համալիրի բացմանը ներկա էին կղզու բոլոր համայնքների ներկայացուցիչները՝ հայեր, հույներ, թուրքեր: Նա նշեց նաև, որ բոլոր համայնքները մասնակցել են վանական համալիրի վերականգնմանը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Կիպրոսում շուրջ 3 հազար հայ է բնակվում: Հիմնականում նրանք Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են: Կիպրոսի հայերը, ըստ բուն կիպրոսցիների, մեծ ավանդ են ունեցել և ունեն երկրի պատմամշակութային զարգացման մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---