ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կաշխատեն առանց աշխատանքի թույլտվության․ Համաձայնագիրը գրեթե վերջնական փուլում է

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կաշխատեն առանց աշխատանքի թույլտվության․ Համաձայնագիրը գրեթե վերջնական փուլում է

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակությունը, որը երեկ ու այսօր հանդիպել է երկրի քաղաքական ղեկավարությանը, քննարկել առաջիկայում միգրացիոն հարցերով ստորագրվելիք 3 համաձայնագրի մանրամասները: Երեկվա հանդիպումների արդյունքում Ռոմոդանովսկին նշել է, որ երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրի վավերացումից հետո աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնած հայ միգրանտները կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիները։ Նա նաև մանրամասնել է, որ դա կլինի մինչև Մաքսային միությանը Հայաստանի պաշտոնական անդամակցումը։ Խոսքը ՌԴ-ում առանց աշխատանքի պահանջվող թույլտվության աշխատելուն վերաբերող համաձայնագրի մասին է։

«Դա միջազգային պայմանագիր է, որն ուժի մեջ կմտնի վավերացման պահից»,- ասել է նա առանց հստակ ժամկետներ նշելու, հավելելով միայն, որ «ամեն ինչ կախված է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարություններից», գրում է News Armenia-ն։

Ինչպես PanARMENIAN.Net ին մանրամասնեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, 3 համաձայնագրի նպատակն է հեշտացնել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների գտնվելու, աշխատելու ու սովորելու պայմանները։ Նա ևս դժվարացավ նշել, թե երբ դրանք կվավերացվեն, քանի որ երկկողմ բանակցային գործընթաց է ընթանում, բայց հավելեց, որ թե հայկական, թե ռուսական կողմերը շահագրգռված են, որ դա լինի հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Ամբողջ գիշեր ես և համապատասխան մասնագետներից կազմված խումբն աշխատել ենք փաստաթղթերի վրա, որոնք ռուսական կողմը մեզ փոխանցել է երեկ։ Արդեն առավոտյան մեր դիտողություններով ու առաջարկություններով նախագծերը հետ ենք վերադարձրել, այնուհետև միասին քննարկել ու մեծամասամբ համաձայնեցրել։ Այդ ամենն արվել է 8 ժամվա մեջ, խնդրել ենք, որ իրենք էլ հնարավորինս արագ այդ համաձայնագրերը շրջանառության մեջ դնեն ու ներկայացնեն արդեն պաշտոնական կարգով, որովհետև այս անգամ փաստաթղթերը ներկայացվել էին աշխատանքային կարգով»,- նշեց Եգանյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնեցումից հետո այս միջկառավարական համաձայնագրերը պետք է արժանանան Կառավարությունների հավանությանն ու ստորագրվեն։

Իմիջիայլոց, անդրադառնալով հարցին, թե արդյոք կպահպանվի Ռուսաստանում գտնվելու ժամկետների խախտման պատճառով այդ երկրի «սև ցուցակում» հայտնված հայերի՝ ՌԴ մուտք գործելու արգելքը, Ռոմոդանովսկին նշել է, որ դա առանձին հարց է, որը պետք է քննարկվի հայկական կողմի հետ, ու առայժմ նա չի կարող այն մեկնաբանել։

Մայիսի 22-ին ճեպազրույցում Գագիկ Եգանյանը տեղեկացրել էր, որ այսօրվա դրույթամբ Հայաստանի 40․000 քաղաքացու մուտքը Ռուսաստան երեք տարով արգելված է, քանի որ նրանք այդ երկրում գտնվելու ժամանակ վարչական իրավախախտում են արել, ինչը հակասում է ՌԴ օրենսդրությանը։ Այդ նորմը գործում է 2013-ից։

Նրա խոսքով նաև, այսօր Ռուսաստանում 170․000 ՀՀ քաղաքացի է գտնվում, ովքեր նույնպես վարչական խախտումներ են արել, ու եթե լքեն այդ երկիրը, ապա նորից կկանգնեն նույն խնդրի առջև:Անդրադառնալով խնդրի լուծման ուղիներին, նա նշել է, որ դա ՌԴ օրենսդրության ու պրակտիկայի հարց է, բայց, անկախ դրանից, վերջին վեց ամսվա ընթացքում այդ ուղղությամբ ինտենիսվ քննարկումներ են ընթանում, որպեսզի այդ երկու կատեգորիայի քաղաքացիների համար էլ դյուրացումներ սահմանվեն, գրում է Panorama.am-ը:

Մինչ այդ, այսօր Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Պայմանավորվել են, որ սեղմ ժամկետներում կմշակվեն համաձայնագրերի նախագծերն ու դրանք ներպետական ընթացակարգերով կներկայացնեն վավերացման: Կարևորվել է նաև միգրացիայի ոլորտում տեղեկությունների և տվյալների փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրի մշակման և ընդունման հարցը, տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցները նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր են քննարկել: Մասնավորապես, անդրադարձել են ՀՀ և ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին:

Ապրիլի սկզբին Մոսկվայում Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն հանդիպել էր ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Արդյունքում երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև փաստաթուղթ էր ստորագրվել, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցությանն ու աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրները:Համաձայնագրով կարգավորվող հարցերից մեկը վերաբերում էր ՌԴ-ում հաշվառման կանգնելու ժամկետների երկարաձգմանը: Գործող կանոնակարգի համաձայն անձը 7 օրվա ընթացքում պետք է կանգնի հաշվառման, այլապես կհամարվի օրինախախտ: Նոր համաձայնագրով այդ ժամկետը պետք է երկարաձգվի 30 օրով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---