Ղարաբաղյան գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կախված չէ ՄԽ համանախագահներից, ասել է Ուորլիքը

Ղարաբաղյան գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կախված չէ ՄԽ համանախագահներից, ասել է Ուորլիքը

PanARMENIAN.Net - «Խաղաղ գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Շատ եմ ուզում ռուս և ֆրանսիացի գործընկերներիս հետ աշխատել նոր գաղափարներ առաջարկելու ու խաղաղ համաձայնության շուրջ իրական բանակցությունների ուղին գտնելու հարցում օգնելու ուղղությամբ»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հարցը, որ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները դժգոհ են համանախագահի գործունեությունից և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Twitter-ում նրա հայտարարություններից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ էր կողմերին առաջարկել համատեղ օգտվել Սարսանգի ջրամբարից՝ դիվանագետը նշել է, որ փոխադարձ ընդունված որոշումը կկարողանար լուծել հուսալի էներգետիկայի ու ոռոգման ջրի հարցը, ինչպես եղել է մինչ հակամարտությունը: «Մարդիկ շփման գծի երկու կողմում կարող են միասին աշխատել հակամարտությունից տուժած գոտիների բնակիչների վրա անմիջական, դրական ազդեցություն ունենալու վրա: Մենք սատարում ենք ցանկացած գործողության, որը կարող է նվազեցնել լարվածությունն ու վերականգնել վստահությունը կողմերի միջև»,- ասել է Ուորլիքը, հայտնում է APA գործակալությունը:

Մայիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկն, ինչպես նաև ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին, որը հունիսին կփոխարինի Ժակ Ֆորին, տարածաշրջան կատարած այցի ավարտին հանդես են եկել հայտարարությամբ:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, այցի հիմնական նպատակն էր «ծանոթանալ իրավիճակին Լեռնային Ղարաբաղում, Քելբաջարում (Քարվաճառ) և Լաչինում (Բերձոր)»: «Այցելելով այդ շրջաններ, միջնորդները բարելավում են նկատել ենթակառուցվածքների զարգացման առումով, սակայն չեն տեսել բնակչության ավելացման նշաններ: Նրանք այցելել են նաև Սարսանգի ջրամբար և քննարկել են նրա կարգավիճակն ու շահագործմանն առնչվող հարցեր կառույցի ղեկավարի հետ: Միջնորդները հույս են հայտնել, որ կողմերը (Ղարաբաղն ու Ադրբեջանը՝ խմբ.) պայմանավորվածության կհասնեն ջրամբարի ռեսուրսների համատեղ օգտագործման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի միկրոբլոգում տեղադրել էր Սարսանգի ջրամբարի լուսանկարը և գրառում արել. «Սա Սարսանգի ջրամբարն է: Եթե կողմերը կարողանային համատեղ օգտվել ջրային ռեսուրսներից, դա դրական քայլ կլիներ»:

Մայիսի 19-ին համանախագահները հատեցին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը Տերտերի ուղղությամբ: Նրանք ափսոսանք են հայտնել հրադադարի խախտման շարունակական դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են դառնում, և նշել են, որ միջադեպերի քննության մեխանիզմների բացակայությունը թույլ է տալիս կողմերին հրադադարի խախտման համար մեղքը միմյանց վրա բարդել:

Այցի շրջանակում համանախագահները հանդիպումներ են ունեցել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ: «Հանդիպումների ժամանակ քննարկվել են խաղաղ գործընթացի մանրամասները, նշվել է, որ ղարաբաղյան կարգավորման հիմքում են այն տարրերը, որոնք մշտապես հնչեցրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները 2009-2013 թթ. իրենց հայտարարություններում»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 16-ին համանախագահներին Երևանում ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Բարձր գնահատելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի գործունեությունը՝ ՀՀ նախագահը երախտագիտություն է հայտնել բանակցություններում կարևորագույն առաքելության համար: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կարգավորման ներկա իրավիճակին և հետագա քայլերին առնչվող հարցեր, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Երևանում միջնորդները հանդիպել են նաև ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Մայիսի 18-ին համանախագահները մեկնեցին ԼՂՀ: Ստեփանակերտում նրանց դիմավորեցին բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները փակել էին մայրուղին, որով պետք է անցնել համանախագահների ավտոշարասյունը: Մասնավորապես, նրանք պահանջում էին, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լսի իրենց կարծիքն ու հաշվի առնի այն: Ակցիայի մասնակիցները կրում էրն «Հարգեք մեր ժողովրդավարական սկզբունքները», «Դատապարտեք ագրեսիան» գրություններով պաստառներ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են միջնորդները պատկերացնում ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը, հաշվի առնելով կոշտ հասարակական դիրքորոշումը, Ուորլիքը նշել է, որ իրենք հարգում են խաղաղ ճանապարհով պահանջները ներկայացնելու մարդկանց իրավունքը:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ այդ ամենը պարտադիր որոշում չէ: Մինսկի խումբը չի կարող պարտադրել, մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ժողովրդներին լսել միմյանց կարծիքն, ու հանդիպենք ոչ միայն դե-ֆակտո իշխանությունների, այլ նաև մարդկանց հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի և արժանի է իրազեկված լինելու այս ամենի մասին և հնարավորություն ունի հայտնելու իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը»,-ասել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:

Անդրադարձ է կատարվել նաև սահմաններում տիրող իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---