Թբիլիսիում 100-րդ անգամ նշվել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը

Թբիլիսիում 100-րդ անգամ նշվել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնի հոբելյանական՝ 100-րդ տոնակատարությունը տեղի ունեցավ Թբիլիսիում: Այն սկսվեց կիրակնօրյա պատարագից Սբ Էջմիածին եկեղեցում: Հայ համայնքի ներկայացուցիչներն ու հյուրերը տարբեր երկրներից ու շրջաններից պատարագից հետո այցելեցին ու գլուխ խոնարհեցին հայ ժողովրդի արժանի զավակների շիրիմներին Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը:

Մինչդեռ հոծ ու բազմազգ բազմություն էր հավաքվել Սբ Գևորգ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է սիրո մեծ երգիչը: Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնի հիմքը 100 տարի առաջ դրել են Հովհաննես Թումանյանը, Գևորգ Բաշինջաղյանն ու Իոսիֆ Գրիշաշվիլին, այն չի կորցրել իր նշանակությունը մինչ օրս ու սպասված և սիրված է ժողովրդի կողմից: Նշենք, որ դեռ մեկ օր առաջ «Հայարտուն» կենտրոնում հանդիսավոր կերպով նշվեց Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակը: Տոնահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի գրողների միության, Վրաստանի գրողների միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունները:

Ըստ ավանդույթի, Վարդատոնը սկսվեց անմահ աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով:

Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանում Հայաստանի դեսպանության, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանի և «Հայարտան» հոգաբարձուների խորհրդի հովանավորությամբ:

Համերգային մասը մեկնարկեց ավանդաբար տոնին մասնակցող Հայաստանի «Սայթ-Նովա» աշուղական երգի պետական համույթի ելույթով պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Հին Թիֆլիսի Մեյդանում կրկին սեր ու բարեկամություն էր թևածում, կրկին հնչում էին Սայթ-Նովայի երգերն ու բանաստեղծությունները հայերեն և վրացերեն լեզուներով՝ «Քսովրելեբի» վրացական համույթի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների, Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած մենակատարների, ասմունքողների ու դերասանների կատարմամբ:

Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։

1759–ի կեսերին ավարտվել է Սայաթ–Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան–երաժշտի կյանքը։ 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «Ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766–ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու: 1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս: 1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական–ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---