Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը բացառապես տնտեսական կլինի

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը բացառապես տնտեսական կլինի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը կազմելիս բոլոր երեք կողմերը՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, զերծ են մնացել քաղաքականացումից: Այդ մասին մայիսի 26-ին հայտնել է Աստանայում Ղազախստանի ԱԳ փոխնախարար Սամատ Օրդաբաևը:

«Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ պայմանագրի հիմք է կազմում բացառապես տնտեսական գործակցությունը: Շնորհիվ Ղազախստանի հետևողական քաղաքականության, պայմանագրից դուրս մնացին այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական գործակցությունը, անձնագրային ոլորտը, սահմանների ընդհանուր պահպանությունը, արտահանման վերահսկումը և այլն»,-ասել է նա: Ըստ նրա, բացի պայմանագրի ինստիտուցիոնալ մասից ու երեք հավելումներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին, ԵՏՄ Դատարանի կարգավիճակի մասին, միության ներսում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և իմունիտետի մասին դրույթներից, կողմերը համաձայնեցրել են նաև ևս երկու փաստաթուղթ: «Դա միջազգային գործունեության կարգն է ու ԵՏՄ հետ երրորդ երկրների միջազգային պայմանագրերի նախապատրաստման ու կնքման կարգը»,-ասել է փոխնախարարը:

Ըստ Օրդաբաևի, երկու վերջին փաստաթղթերում դրվում է ԵՏՄ միջազգային գործունեության հիմքը, որպես կանոնակարգող մարմնի հանձնաժողովի գործունեություն:

«Միայն Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համաձայնությամբ և նրա մանդատով կարող է մշակվել ու ստորագրվել ցանկացած միջազգային պայմանագիր»,-ասել է նա: Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությունը դատարկ տեղը չի ստեղծվում:«Մեր պետությունները երկար տնտեսական ճանապարհ են անցել՝ ԱՊՀ-ից մինչև Եվրասիական միություն»,-ասել է փոխնախարարը, հայտնում է «Թրենդը»:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կազմված է երկու մասից՝ ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ: Ղազախստանի ԱԳՆ պատասխանատվության ոլորտը այլ նախարարությունների ու գործակալությունների հետ մեկտեղ պայմանագրի ինստիտուցիոնալ մասն է, որը երբեմն անվանում են նաև քաղաքական՝ սահմանադիր: Մինչդեռ, ըստ ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է տեղի ունենալ արդեն ընթացիկ տարում, ընդ որում, ակնկալվում է, որ ինտեգրումը բավականին արագ կանցնի: «Բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ: Գործակցությունը Ղրղզստանի հետ նույնպես արագ տեմպերով է ընթանում»,-ասել է Սլեպնյովը՝ հավելելով, որ ՄՄ-ին անդամակցելու այլ հայտեր դեռ չեն ստացվել, հայտնում է Fishretail.ru-ն:

Մայիսի 15-ին Բանկերի միջազգային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մարիչևը Բիշքեկի միջազգային ֆինանսական համաժողովում հայտնեց, որ Ղրղզստանն ու Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել: «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին Աստանայում: Հայտեր կան Ղրղզստանից ու Հայաստանից: ԵՏՄ ընդլայնումը մեծ հնարավորություն կտա անդամ երկրներին հզորացնել տնտեսությունը»,-ասել էր նա:

«Այժմ ակտիվ քննարկման փուլում է Շանհայի համագործակցության կազմակերպության Զարգացման բանկի ու Զարգացման հիմնադրամի ստեղծումը, ինչը հսկայական ռեսուրս կլինի ՄՄ-ին անդամակցող երկրների տնտեսության համար»,-հավելել է Մարիչևը:

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո փաստաթուղթը վավերացման կներկայացվի ազգային խորհրդարաններում և ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ին:

Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի: Ինչ վերաբերում է ՄՄ և ԵՏՄ Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի ԵՏՄ պետությունների ղեկավարներին նիստում, որը կանցնի մայիսի 29-ին Աստանայում:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, սակայն հաջորդ օրը հայտարարեց, որ ՄՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրվի միայն այն ժամանակ, երբ ավարտվեն բանակցությունները մի շարք ներկրվող ապրանքների մաքսատուրքերը պահպանելու վերաբերյալ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---