ԵՄ առաջնորդներն ահազանգում են՝ Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են աջակողմյանները

ԵՄ առաջնորդներն ահազանգում են՝ Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են աջակողմյանները

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «տխուր» է անվանել Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների ու Եվրամիության հարցում հոռետեսորեն տրամադրված կուսակցությունների աճող աջակցությունն ընտրողների շրջանում: Նա հավելել է, որ ի պատասխան հարկավոր է խթանել ԵՄ տնտեսական աճը: Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում տեղերի հիմնական մասը բաժին է ընկել երեք հիմնական դաշինքներին՝ աջակենտրոն, ձախ ու ազատական: Սակայն, ԵՄ լիազորությունների սահմանափակում պահանջող կամ միությունն ընդհանրապես լուծարելու պահանջով հանդես եկող կուսակցություններն ավելի լավ ներկայացված կլինեն խորհրդարանում:

Ըստ Մերկելի, որի պահպանողական կուսակցությունը ստացավ ձայների 35 տոկոսը Գերմանիայում, այժմ ավանդական կուսակցությունները Եվրոպայում պետք է կրկին պայքարեն ընտրողների վստահության համար, գրում է ВВС-ին:

«Լավագույն միջոցը ուշադրությունը մրցունակության, տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման վրա կենտրոնացնելն է: Դա լավագույն պատասխանը կլինի հիասթափված մարդկանց, որոնք այնպես չեն քվեարկել, ինչպես մենք կցանկանայինք»,-ասել է կանցլերը:

Ֆրանսիայում, որտեղ ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատը» ստացել է քվեների 25 տոկոսը և հաղթել եվրաընտրություններում, նախագահ Օլանդը նախարարների կաբինետի արտահերթ նիստ է հրավիրել: Ֆրանսիայի վարչապետը աջակողմյան կուսակցությունների հաղթանակը «երկրաշարժ» է անվանել և ասել, որ Եվրոպան պետք է փոխի քաղաքականությունը՝ դիմակայելու պոպուլիստական կուսակցություններին: «Ոչ մի րոպե չի կարելի կորցնել»,-ասել է նա` ելույթ ունենալով լրագրողների առջև և խոստանալով նվազեցնել հարկերը: «Մենք պետք է ցույց տանք մեր խիզախությունը, որովհետև Ֆրանսիան բարեփոխումների կարիք ունի: Արդեն երկար ժամանակ է, ինչ և աջակողմյանները, և ձախակողմյանները շատ հարցեր անտեսում են»,-ասել է նա:

«Ազգային ճակատի» ուսերին այժմ պատասխանատվություն է դրվում: «Ճակատն» այսուհետ ավելի շատ պատգամավորներ կունենա եվրոպական խորհրդարանում, քան գոլիստներն ու սոցիալիստները: Եվրախորհրդարանը ԵՄ անբաժան մասն է, ինչնշանակում է, որ հիմնական կուսակցություններին Ֆրանսիայում դժվար կլինի անտեսել «Ազգային ճակատի» գաղափարները:

Մեծ Բրիտանիայում եվրոպական ընտրություններում հաղթեց պոպուլիստական աջակողմյան Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը (UKIP), որը պայքարում է ԵՄ կազմից դուրս գալու համար: Կուսակցությունը ստացել է ձայների 27 տոկոսը: Առաջին անգամ վերջին 100 տարում Մեծ Բրիտանիայի ազգային ընտրություններում չկարողացան հաղթել ոչ պահպանողականները, ոչ էլ ազատականները: Մինչ օրս Մեծ Բրիտանիայի պատմության մեջ չէր եղել դեպք, երբ կուսակցությունը, որը ներկայացված չէ բրիտանական խորհրդարանում, նման արդյունքի հասած լիներ: Վարչապետ Քեմերոնը հայտարարել է, որ ընտրողները, հավանաբար, «խորապես հիասթափվել են» Եվրոպայից, և որ նա պարզ լսեց դա:

Չնայած հակաեվրոպական կուսակցությունների հաջողությանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նշեց, որ Եվրախորհրդարանում տեղերի մեծ մասը նախկինի պես մնում է եվրոպամետ քաղաքական դաշինքների ձեռքում:

Աջակենտրոն ԵԺԿ-ն հավանաբար 213 տեղ կստանա խորհրդարանում 751-ից: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 28,5 տոկոսը: Հաջորդ գումարման խորհրդարանում կուսակցությունը 60-ով ավելի տեղ կունենա: Սոցիալիստների դաշինքը կստանա 190 տեղ՝ ստանալով քվեների 25 տոկոսը:

Ազատականները ստացել են 9 տոկոս, իսկ կանաչները՝ 7 տոկոս:

Ամբողջ Եվրոպայում ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,1 տոկոսը: Առաջին անգամ է, որ մասնակցության տոկոսը չի զիջել նախորդ տարվա ցուցանիշին: Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցում են ԵՄ անդամ բոլոր 28 երկրների ընտրողները:

Խորհրդարանի իրավասության ոլորտն անընդհատ ընդլայնվում է: Պատգամավորները հուսով են, որ հենց իրենց ձայնն է վճռորոշ լինելու Եվրահանձնաժողովի նախագահի ընտրության հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---