ԵԽԽՎ իրավական հանձնաժողովը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը

ԵԽԽՎ իրավական հանձնաժողովը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակել է որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Կոնվենցիան պահանջում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին: Նպատակը մարդասիրական է և միտված դատապարտյալների վերաինտեգրելուն ու վերականգնման հեռանկարներին, հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

ԵԽԽՎ կոմիտեի բանաձևի նախագծում, որը կազմվել է Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա, մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»: Բանաձևի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014-ի ընթացքում:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիաում Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, ուտեղ Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---