5  30.05.14 - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը

Կայքերի գրանցման գինն .am տիրույթում արհեստական թանկ է. ՏՄՊՊՀ-ն տուգանել է մեղավորին

Կայքերի գրանցման գինն .am տիրույթում արհեստական թանկ է. ՏՄՊՊՀ-ն տուգանել է մեղավորին

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում քննարկվել է կայքերի գրանցման ոլորտում իրականացվող չարաշահումների հարցը: Պարզվել է, որ .am տիրույթում գործում է մոտ23.000 կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12.000 դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:

Հանձնաժողովին է դիմել «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն` տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի .am տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային հանձնարարությունների մասին: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են .am տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:

Հարցը զեկուցել է Վահե Աբրահամյանը` նշելով, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է` ՀՀ-ում .am տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայություններն իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

«Վերոնշյալ ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ: Սակայն, ուսումնասիրությունները պարզեցին, որ միջնորդներից մեկը` «ԷյԲիՍիդոմենը», տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվեց նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ: Փաստացի կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը` երկրորդային, կամ այլ կերպ ասած` միջնորդների շուկան վերահսկելու նպատակով: Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք, սակայն, հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է: Այսպես. բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:

Վերջինն իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած` վերադարձրել է 6.000 դրամը` այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը: Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12.000 դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6-ը: Մինչդեռ, եթե կենտրոնի նման քաղաքականութուն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել, հայտնում է Armlur.am կայքը:

Հանձնաժողովի դիտարկմամբ, կենտրոնը չարաշահել է իր մենաշնորհային դիրքը` սահմանափակելով ազատ մրցակցությունը: Փաստացի կայքերի գրանցման ծառայությունները 6.000 դրամով վաճառել է միջնորդներին, բայց իր հերթին նաև հիմնադրել է «ԷյԲիՍիԴոմեն» ընկերությունը, որի միջոցով տնօրինել է շուկայի 70%-ը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել: Իրավախախտ ընկերությունը ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության` 10 մլն դրամի չափով:

ՏՄՊՊՀ-ում ներկայացվել է ևս մեկ հարց, այս դեպքում, սակայն, գործը տուգանքներին չի հասել: Բանն այն է, որ «ԱրմենՏել» ընկերությունը խոչընդոտել է «Ռոստելեկոմ» ընկերության գործունեությանը և միայն ՏՄՊՊՀ միջամտությունից հետո հարթել խնդիրը:

Հանձնաժողովի վերլուծության և մրցակցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Աննա Պետրոսյանը ներկայացրել է խնդիրը` նշելով, որ «Ռոստելեկոմ» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և հայտնել, որ իր ծառայությունների աշխարհագրությունը ընդլայնելու և բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ:

«Ռոստելեկոմը» տեղեկացրել է նաև, որ օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է բոլոր վճարումները: Սակայն «ԱրմենՏել»-ը «Ռոստելեկոմին» ներկայացրել է պայմանագիր, որտեղ բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից, ներառված են եղել նաև լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան հաշվով կազմում են մոտ 1. 720.000 դրամ: Փաստացի «Ռոստելեկոմը» չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն «ԱրմենՏելը»:

«Ռոստելեկոմը» նաև նշել է, թե վստահ լինելով, որ ընկերությունն այլընտրանք չունի, «ԱրմենՏելը» փորձել է վերջինիս պարտադրել պայմաններ և լրացուցիչ գումարներ գանձել: Մինչդեռ «ԱրմենՏելը» պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները:

«ԱրմենՏելը» վարչական վարույթի մասին տեղեկանալուց հետո համաձայնության է եկել մրցակից ընկերության հետ և լուծել է խնդիրը: «Ռոստելեկոմի» գործադիր տնօրենը նշել է, որ Հանձնաժողովի միջամտությամբ «ԱրմենՏելը» լիովին բավարարել է իրենց պահանջը, որից հետո իրենք նախորդ դիմումը կարճելու հայց են ներկայացրել Հանձնաժողովին, գրում է Tert.am-ը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ նշել է, թե Հանձնաժողովի նպատակը խնդիրների լուծումն է. «Բայց մենք չենք ուզում, որ նման երևույթները դառնան օրինաչափություն»:

ՏՄՊՊՀ հերթական նիստում քննարկման ներկաայցված մյուս հարցը վերաբերում էր «Ջերմուկ» ընկերության ներկայացրած դիմումին: Ըստ այդմ պարզվել է, որ «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ: Հանձնաժողովի հաշվառման և հսկողության իրականացման բաժնի առաջատար մասնագետ Տիրուհի Հովեյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովը պարզել է նաև` բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաև ևս մեկ խնդիր. համաձայն օրենքի, տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում: Տվյալ դեպքում «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:

Հանձնաժողովը որոշել է անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները խիստ նախազգուշացում անել՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Նշված ընկերություններն արդեն իսկ ընդունել են խախտումը և գրությամբ դիմել են հանձնաժողովին՝ հայտնելով, որ հստակ ժամկետներում կվերացնեն այն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---