ԱՄՆ-ն կրկին մերժել է Կիևին մահաբեր զենքի առաքման հարցում

ԱՄՆ-ն կրկին մերժել է Կիևին մահաբեր զենքի առաքման հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կրկին մերժել է Կիևին սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարման հարցում: Բացասական պատասխանը հնչեցրել է լրագրողների համար ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Նախագահ Օբաման հավանություն է տվել ուկրաինական զինվորականների համար նախատեսված օգնության երեք փաթեթի՝ սնդդամթերք, վրաններ, սաղավարտներ, դեղորայք: Մենք կշարունակենք քննել նրանց հարցումները, սակայն զենքի առաքման հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է»,-ասել է Փսակին՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքը: Ավելի վաղ պետքարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր, որ զենքի առաքումների մասին խոսք չկա:

Անմիջապես ընտրություններից հետո Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հարցազրույց տվեց Washington Post-ին, որտեղ խնդրեց Վաշինգտոնին անմիջական ռազմական օգնություն ցուցաբերել ու նոր համաձայնագիր կնքել անվտանգության ոլորտում, ռազմատեխնիկական կապեր ու խորհրդատվական գործակցություն հաստատել, կառուցել Ուկրաինայի ԶՈւ:

Այդ խնդրանքով Կիևի իշխանություններն արդեն դիմել են իրենց արտերկրի հովանավորներին: Մարտին Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը եղավ Վաշինգտոնում և, հանդիպելով Օբամայի հետ, նույնպես ռազմական օգնություն խնդրեց: Սակայն մերժում ստացավ: Հնավարո է, Պորոշենկոն կարծում էր, որ ընտրություններից հետո, որով Արևմուտքը ցանկանում էր օրինականացնել հեղաշրջումն Ուկրաինայում, Սպիտակ տունը կփոխի դիրքորոշումը, սակայն այդպես չեղավ:

«Եթե խոսելու լինենք ուկրաինացի զինվորականներին զենքի առաքումների մասին հարավ-արևելքում աշխարհազորայինների դեմ պայքարում, ապա տեսնելով պատժիչ գործողության ծավալները, չես ասի, թե նրանց ինչ-որ բան պակասում է: Գործի են դրվել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրետանի, իսկ ռազմական պահեստների թալանից հետո հրազենի պակաս Ուկրաինայի բնակչությունը չի զգում: Այնպես որ, զենքն առանց այդ էլ բավարար է, և Վաշինգտոնում, հավանաբար, դա հասկանում են, եթե մերժում են՝ նույնիսկ սատարելով բուն պատժիչ գործողությանը: Սակայն Պորոշենկոն հարցազրույցում որպես պոտենցիալ հակառակորդ ներկայացնում էր ոչ թե աշխարհազորայիններին, այլ Ռուսաստանը, բողոքում էր, որ պատժամիջոցները չեն գործում, ուստի անհրաժեշտ է ուղղակի ռազմական միջամտություն»: Այստեղ ուկրաինացի քաղաքական գործիչները, հավանաբար, ուզում են օգտագործել հակամարտության կողմ Ռուսաստանին ներկայացնելու Վաշինգտոնի փորձերը, շեշտը դնելով Ղրիմի վրա, քանի դեռ Արևմուտքը «չի սառել» և կարելի է անհատույց զենք ստանալ, թե չէ հետո ստիպված են լինելու գնել: Բայց այդ դեպքում էլ ԱՄՆ-ն իմաստ չի տեսնում ռազմական օգնության մեջ: Ինքը Օբաման ապրիլի վերջում հայտարարել է. «Մի՞թե ինչ-որ մեկը մտածում է, որ զենքի առաքումն Ուկրաինա թույլ կտա դիմագրավել ռուսական բանակին»,-գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Անդրադառնալով բարձր ճշգրտության արդիական զենքին՝ պետք է նշել, որ այստեղ ևս խնդիրներ կան: Առաջինը, այդ զենքից պետք է կարողանալ օգտվել: Իսկ Վաշինգտոնում բազմիցս են խոստովանել, որ ուկրաինական բանակը բարվոք վիճակում չէ, այդ թվում նաև կադրերի պատրաստության առումով, և խորը բարեփոխման կարիք ունի: Ակնհայտ է, որ բարեփոխումները ժամանակակից զենքի մատակարարումներով չեն սկսվում:

Երկրորդը, ԱՄՆ-ն իրականում այնքան էլ զուսպ չի ռազմական օգնության ցուցաբերման հարցում՝ չէ, որ նրանք, օրինակ զենք են ուղարկում սիրիական ընդդիմությանը, որի շարքերում ով ասես չի կռվում: Սակայն դա վերաբերում է սովորական ու թեթև զենքին, և որպես կանոն, ոչ վերջին սերնդի:

Իսկ եթե անդրադառնանք ժամանակակից սպառազինություններին ու ռազմական տեխնիկային, ապա այստեղ գործընկերների ընտրության չափանիշներն շատ ավելի խիստ են: Թեժ կետերում, ինչպիսիք են Աֆղանստանն ու Իրաքը, ամերիկացիները գերադասեցին իրենք կիրառել այդ զենքը՝ չփոխանցելով դաշնակիցներին: Եվս մեկ օրինակ: Երբ 2012 թվականին Կոլումբիայի զինված ուժերը, որը ԱՄՆ հիմնական դաշնակիցն է Հարավային Ամերիկայում, և որի հետ ԱՄՆ սերտ գործակցության ավելի քան 10 տարվա փորձ ունի, դիմեցին Վաշինգտոնին անօդաչու թռչող սարքեր գնելու խնդրանքով, մերժվեցին: Հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ամերիկացիները մտավախություն ունեին, որ, ի վերջո, այդ զենքը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում: Այսօր ԱՄՆ իշխանություններն ու ՌԱՀ-ը հազիվ թե վստահ կարող են լինել, որ ուկրաինական զորքերն ամբողջապես հավատարիմ են Կիևին և այդ առաքումների միջոցով փող աշխատելու գայթակղություն չի առաջանա:

Ավելի վաղ Wall Street Journal թերթը կոչ էր արել ԱՄՆ-ին ու մյուս արևմտյան երկրներին ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային՝ պատճառաբանելով նրանով, որ նորընտիր նախագահ Պորոշենկոն պետք է կարողանա պաշտպանել Ուկրաինայի անկախությունը ռուսական գրոհներից:

Մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթեց Պյոտր Պորոշենկոն 54,49 տոկոսով: Երկրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն էր 12,88 տոկոսով, երրորդը՝ Օլեգ Լյաշկոն էր 8,38 տոկոսով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---