Ուկրաինայի դեսպանը վերադարձավ Հայաստան, երբ Երևանը շնորհավորեց Պորոշենկոյին ընտրվելու կապակցությամբ

Ուկրաինայի դեսպանը վերադարձավ Հայաստան, երբ Երևանը շնորհավորեց Պորոշենկոյին ընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Երևան է վերադարձել Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Նրան հետ էին կանչել մարտի վերջում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական գնահատեց Ղրիմում հանրաքվեի արդյունքները: Կուխտան վերադարձավ Երևան կիրակի օրը:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվության քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, փաստացի այս շաբաթ Իվան Կուխտան ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարմանը: Ըստ նրա, Ուկրակնայի ԱԳՆ-ն որոշում կայացրեց դեսպանին վերադարձնելու մասին, երբ Հայաստանը շնորհավորեց Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հայկական կողմը ողջունեց Ուկրաինայի նախագահի ընտրությունն ու Ուկրաինայի հետ կառուցողական համագործակցության հույս հայտնեց»,-հայտարարել է Պերեբեյնիսը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան:

Մարտի վերջում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ վերջինիս խնդրանքով, հայտարարեց, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ինքնորշման իրավունքի հարցում անփոփոխ է:

Ըստ փոխնախարարի, բազմադարյա բարեկամական հարաբերությունները Հայաստանի ու Ուկրաինայի ժողովրդների միջև ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման համար:

Մարտի 21-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա հղեց Հայաստանին՝ պահանջելով վերանայել որոշումը Ղրիմի հարցում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել էր փոխնախարար Դանիլո Լուբկիվսկին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ: «Մենք հիասթափված ենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ հաղորդագրություններից: Այսօր, ինչպես և երեկ, արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը: Նրան է փոխանցվել մեր մտահոգությունը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Հայաստանում մեր դեսպանությանը: Այսօր հայկական կողմին նոտա է ուղարկվել՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու դիմումով»,-ասել է նա:

Լուբկիվսկին հավելել է, որ Ուկրաինան նաև դիմել է Հայաստանին՝ կոչ անելով առաջիկայում հայտնել այն մասին, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: «Այժմ մենք պատասխանի ենք սպասում»,-ասել է նա: Ըստ նրա, ոչ բարեկամական դիրքորոշման բարձրաձայնումը բացասաբար է ազդում Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների վրա: Այն հարցին, թե ինչպիսին կարող են լինել հետևանքները, Լուբկիվսկին ասել էր. «Երկկողմ հարաբերությունների բացասական հետևանքները լայն սպեկտր ունեն, որը կիրառվելու է այն ժամանակ, երբ մենք կստանանք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---