Արամ Խաչատրյանը հանճար էր բառիս բուն իմաստով (վիդեո)

Արամ Խաչատրյանը հանճար էր բառիս բուն իմաստով

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանը հանճար էր բառիս բուն իմաստով: Նույնիսկ երաժշտությունից անտեղյակ մարդը գիտի, թե ով է գրել «Սուսերով պարը» և Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի վալսը: Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում, ավելի ճիշտ Թիֆլիսի արվարձան Կոջորիում: Երաժշտությունը մանկուց գերեց նրան և ոչ դպրոցական պարապմունքները Արգուտինսկայայի մասնավոր պանսիոնում, ոչ աղմկոտ երեխայական զվարճանքները չէին կարող շեղել նրան:

Երաժշտության հանդեպ երեխայի հետաքրքրությունը ոչ ոքի մոտ ըմբնռում չունեցավ: Ծնողները նրա այդ հակմանը հոռետեսորեն էին վերաբերվում, դպրոցական ուսուցիչներն էլ հեռատես չեղան: «Իմ շրջապատում չկար հարգալից վերաբերմունք երաժշտի մասնագիտության հանդեպ: Մեծերը գտնում էին, որ երաժշտությունը տղամարդուն վայել զբաղմունք չէ: Հայրս ուզում էր, որ ես ինժեներ կամ բժիշկ դառնամ, ինչ ուզում է դառնամ, միայն թե ոչ երաժիշտ»,-հիշում է Խաչատրյանը:

Իր ավագ ընկերոջ՝ Սուրենի, խորհուրդով Արամ Խաչատրյանը մեկնում է Մոսկվա և ընդունվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանական բաժանմունք: Խաչատրյանը երեք տարի քիմիա ու բուսաբանություն, մարդու անատոմիա ուսումնասիրեց:

1922 թվականի աշնանը Արամ Խաչատրյանն առաջին անգամ մտավ մոսկովյան հին առանձնատան դռնից ներս, որը գտնվում էր Արբատի նրբանցքներից մեկում: Դա Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտն էր: «Չունենալով ոչ մի, նույնիսկ տեսական պատրաստություն, ես կանգնեցի հանձնաժողովի առջև: Ձայնս ու լսողությունս ստուգելու համար ես երգեցի «Կոտրիր ըմպանակը» «դաժան ռոմանսի» նման մի բան՝ հարուցելով քննողների ժպիտը: Նվագեցի մի քանի պարային վալս: Միևնույն ժամանակ ես հեշտությամբ հաղթահարեցի լսողության, ռիթմի զգացողության ու երաժշտական հիշողության քննությունը, չնայած, որ կյանքումս առաջին անգամ էի կատարում այդ առաջադրանքները»,-հիշում է Արամ Խաչատրյանը:

Գնեսինների անվան ինստիտուտում ուսանելու տարիներին Խաչատրյանի համար շատ կարևոր եղավ հանդիպումը Ռեյնգոլդ Գլիերի հետ: Շփումը Գլիերի հետ, որը կշարունակվի նաև հաջորդ տարիներին, ծանոթությունը նրա ստեղծագործություններին մեծ նշանակություն ունեցան Խաչատրյանի համար:

1929 թվականին ավարտելով ինստիտուտը՝ Խաչատրյանը բոլոր հիմքերն ուներ ասելու. «Ես շատ եմ զբաղվել երաժշտության «հանրահաշվով»՝ ուսումնասիրել եմ սոլֆեջիո, տեսություն, հարմոնիա, շատ եմ հորինել»: Հետո հաջորդեց Մոսկվայի կոնսերվատորիան, Նիկոլայ Մյասկովսկու դասարանը: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Խաչատրյանը շուրջ 50 ստեղծագործություն գրեց: Լավագույնն այդ տարիներին Տրիոն էր կլարնետի, ջութակի ու դաշնամուրի համար: 1932 թ. գրած ստեղծագործությունը շուտով լսում է Պրոկոֆյևը, այն գրավում է վարպետին ինտոնացիոն լեզվի ինքնուրույնությամբ, հյութեղ մեղեդիով, ինքնաարտահայտման զարմանալի անկաշկանդությամբ, հոգու ջերմությամբ: Պրոկոֆյևը հավանություն տվեց Տրիոն և այն շուտով լույս տեսավ: Մոսկովյան թատրոնների բեմերում բեմադրվում են «Վալենսիայի այրին» ու «Դիմակահանդեսը» Խաչատրյանի գրած երաժշտությամբ: «Դիմակահանդեսը» հանդիսացավ Խաչատրյանի ստեղծագործական գագաթնակետը դրամատիկ թատրոնում: Գրված լինելով Վախթանգովի անվան թատրոնում իրականացված բեմադրության համար, այդ երաժշտությունը հետագայում մեծ տարածում գտավ այլ թատրոններում ևս: «Դիմակահանդեսի» երաժշտության «կախարդական օղակը» դարձավ վալսը: Ինչպես ասում էր ինքը կոմպոզիտորը. «Ես պետք է այնպիսի երաժշտություն գրեի, որն արժանի կլիներ Լերմոնտովի հանճարին»:

1942 թվականին կոմպոզիտորը սկսեց աշխատել նոր ստեղծագործության՝ «Գայանե» բալետի վրա: «Մոլոտովում ես գրում էի բալետի պարտիտուրը, չբաժանվելով ջեռակից ու շիլայից: Բարեբախտաբար, ես օգտվում էի թատրոնի ճաշարանից, որն այն ժամանակների համար շատ լավ էր մատակարարվում»:

«Ես կողմ եմ, որ բալետում պարեն, իսկ օպերայում երգեն: Երեք ու կես տարի տևեց աշխատանքը «Սպարտակի» վրա: Աշխատել եմ առավելապես ամռանը, ընդհանուր առմամբ բալետը գրվեց 8 ամսում: Այն ավարտին հասցրեցի 1954 թվականի փետրվարի 22-ին: Ամբողջ ընթացքում աշխատել են Հին Ռուզայի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Արամ Խաչատրյան»:

Մահվանից առաջ Խաչատրյանը խնդրեց, որ նրան հողին հանձնեն Երևանում: 1978 թվականի մայիսի 1-ին ամբողջ քաղաքը վերջին հրաժեշտը տվեց Խաչատրյանին, նա թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---