Բաքուն խոստովանել է` Նախիջևանի վրա հայկական ԶՈւ հարձակման մասին լուրերը սուտ են (թարմացված)

Բաքուն խոստովանել է` Նախիջևանի վրա հայկական ԶՈւ հարձակման մասին լուրերը սուտ են (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել «Նախիջևանի ադրբեջանական դիրքերի վրա հայկական զինված ուժերի հարձակման մասին»:

Տեղաբնակ լրագրող Հաքիմելդոստու Մեհտիևի խոսքով, «հայերը գրավել են Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բնակավայրը»:

«Նախկինում այդ բարձունքը գտնվում էր չեզոք հողում և այնտեղ անասուն էին արածացնում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ հովիվները: Սակայն այժմ հայերը հարձակման են անցել և այդ բարձունքում տեղակայել իրենց դիրքերը»,- ասել է լրագրողը, գրում է Haqqin.az-ը:

Միևնույն ժամանակ որոշ ԶԼՄ-ներ տեղաբնակների վրա հղւմով գրում են «Նախիջևանում կատաղի մարտերի մասին»: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը:

«Հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանումև սուտ է»,- PanARMENIAN.Net ին ասել է նա:

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ տեղեկատվությունը, թե Նախիջևանի Սադարակի, Ջուլֆայի և Շահբուզի շրջաններում հայերի հետ կատաղի մարտեր են գնում, և որ հայկական ուժերը գրավել են Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բարձունքը, իրականությանը չի համապատասխանում:

«Ներկայումս իրավիճակն այնտեղ կայուն է»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի Ազգային ժողովում հարցին է անդրադարձել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե այն, որ սահմաններին իրավիճակը կայուն լարված է, նորություն չէ, ինչպես նաև հակառակորդի կողմից անընդհատ հրադադարի ռեժիմի խախտումները։

Նախարարի համոզմամբ հասարկությունը պետք է հասկանա ու համակերպվի այն իրավիճակի հետ, որ քանի մենք ունենք չկարգավորված հակամարտության խնդիր, պետք է հակառակորդի ռազմատենչ եռանդին հակադարձենք կանխարգելիչ ու հակագործողություններով: Իսկ խնդրի լուծման համար, ըստ նախարարի, պետք է վստահության մթնորոլրտ ձևավորվի, ինչի համար նաև պետք է զերծ մնալդիպուկահարների կրացներից, գրում է Panorama.am-ը:

«Հրադադարի ռեժիմը պետք է պահպահնվի, պետք է կանխվեն դիվերսիոն հարձակումները: Հայկական կողմն այս ամենին պատրաստ է և այդ մասին բազմիցս հայտարարել է միջազգային կառույցներին: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ ինժեներական կառույցների, դիտարկման, հայտնաբերման և խոցման միջոցներով մենք կարող ենք ոչ միայն հակազդել, այլև` կանխարգելել: Վստահեցնում եմ, որ Զինված ուժերի հրամանատարությունն այդ ամենը տեղում իրականացնում է»,- հավելել է Օհանյանը։

Հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվեցին հայկական բանակի պայմանագրային երկու զինծառայողներ՝ Արարատի զինկոմիսարիատից զորակոչված 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը: Տեղի ունեցածը լայն արձագանք ստացավ հանրությունում: «Իրավիճակի սրումը հղի է Ադրբեջանի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ», - ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հունիսի 6-ին կայացած հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջադեպի մասին նախարարությունը կողմից տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ:

Օրերս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարեց, որ հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, և այդ ուղղությամբ նախապատրաստություններն ընթացքի մեջ են:

«Եթե մերոնք առաջիկայում պատասխան հարվածներ չհասցնեն, ադրբեջանցիները կհամարեն, որ մենք թուլացել ենք: Պետք է միայն հարվածներ հասցնել, ընդ որում՝ շոշափելի հարվածներ: Ես ոչ միայն սպասում եմ, այլև գիտեմ, որ նման հարված նախապատրաստվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Տեր-Թադևոսյանի խոսքով, Ռուսաստանից սպառազինություն գնելով ու սահմանին նման քայլերի դիմելով՝ Ադրբեջանը նպատակ ունի ճնշում գործադրել Հայաստանի և միջազգային միջնորդների վրա, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորինս ընդառաջ գնան Բաքվի ցանկություններին:

«Նպատակը պատերազմ սկսելը չէ: Հաշվի առնելով Ադրբեջանի պարտավորություններն ու առաջիկա տարիների ծրագրերը միջազգային էներգետիկ ոլորտում, հայկական ուժերի մոտ առկա սպառազինությունը, ուժերի հարաբերակցությունը, հայ - ռուսական պայմանավորվածությունները, միջազգային հանրության՝ ԱՄՆ-ի, Եվրամիության ու Իրանի, բացասական մոտեցումը Ղարաբաղում ստատուս քվոն ուժով փոխելու որևէ նախաձեռնության հետ կապված, չեմ կարծում, որ Բաքվում նպատակ են հետապնդում պատերազմ սկսել», - ասաց պաշտոնաթող գեներալը: Նրա համոզմամբ՝ «Ադրբեջանն այն ռեսուրսը չունի, որպեսզի կարողանա միայնակ փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում, ուր ներկայացված են նաև գերտերությունները, իսկ պատերազմը նշանակում է, որ դու անտեսում ես գոյություն ունեցող շահերը և ուզում ես փոխել իրավիճակը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---