Իրաքում գրոհայինները պատանդ են վերցրել Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներին

Իրաքում գրոհայինները պատանդ են վերցրել Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Իրաքում գրոհայինները կայծակնային գրոհի արդյունքում պատանդ են վերցրել Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներին: Թուրքիան զգուշացրել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրահայիններին, որ անհապաղ կարձագանքի, եթե երկրի 80 քաղաքացիներից գոնե մեկը տուժի: Պատանդների թվում են Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, երեք երեխաներ և դիվանագիտական ներկայացուցչությանը կցված թուրքական հատուկ ծառայությունների մի քանի անդամներ:

ՆԱՏՕ-ի դեսպանները արտակարգ հանդիպում են հրավիրել Բրյուսելում Անկարայի հարցումով, իսկ թուրք վարչապետ Էրդողանը հանդիպել է նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հետախուզության ղեկավարի ու գլխավոր շտաբի պետի հետ, ինչպես նաև քննարկել է իրավիճակը հեռախոսով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, որը միջադեպի պատճառով ընդհատել է այցն ԱՄՆ, «այժմ ամենակարևորը անձնակազմն ու նրանց ընտանիքներին ողջ և առողջ Թուրքիա վերադարձնելն է: Լինի դա Սիրիայում, թե Իրաքում, բոլոր նրանք, ովքեր սպառնում են մեր մարդկանց կյանքին, համապատասխան արձագանք կստանան, ըստ արժանվույն: Ոչ ոք չի կարող փորձել Թուրքիայի վճռականության ու նպատակասլացության աստիճանը»:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արագ առաջխաղացումն Իրաքի հյուսիսում լրացուցիչ սպառնալիք է հարևան Թուրքիայի համար, որն արդեն ստիպված է դիմակայել իսլամիստների հարձակմանը Սիրիայի հետ նրա սահմանի մոտ:

Թուրքիան սերտ տնտեսական ու քաղաքական կապեր ունի Մոսուլից դեպի հյուսիս գտնվող իրաքյան Քրդստանի հետ, որը դեռ հարձակման չի ենթարկվել: Անկարան պաշտպանում է տարածաշրջանում բնակվող թուրքոմանների (թուրքմենների) փոքրամասնության շահերը:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

ՄԱԿ ԱԽ-ն արձագանքեց գրոհայինների հարձակումներին ու թուրքական հյուպատոսության գրավմանը Մոսուլում՝ դատապարտելով այդ գործողություններն ու պահանջելով անհապաղ ազատել պատանդներին: «ԱԽ անդամները վճռականորեն դատապարտում են հարձակումը թուրքական հյուպատոսության վրա ու նրա աշխատակիցներին պատանդ վերցնելը և պնդում են, որ ողջ անձնակազմը անհապաղ ու անվտանգ վերադարձվի»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակեց ՄԱԿ ԱԽ ներկայիս նախագահ, ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Մոսուլի մոտ կես միլիոն բնակիչներ ստիպված էին լքել քաղաքը, երբ այն անցավ իսլամիստների վերահսկողության տակ: Քաղաքից հեռացողների թվում են նաև իրաքյան բանակի զինվորներն ու սպաները: Շատերը թողել են զենքն ու զգեստափոխվել ու լքում են քաղաքը քաղաքացիական հագուստով: Գրոհայինները վերահսկում են ոչ միայն Մոսուլը, այլ նաև Նինեվիայի ամբողջ գավառը: Քրդստանի իշխանությունները դիմել են ՄԱԿ փախստականների գծով գործակալությանը՝ կոչ անելով օգնել, իսկ Իրաքի վարչապետ Նուրի Մալիկին հորդորել է խորհրդարանին արտակարգ իրավիճակ հայտարարել:

Մոսուլը գրաված ջիհադականները ազատ են արձակել հարյուրավոր բանտարկյալների տեղի բանտերից ու գրավել են տեղի օդանավակայանը: Ըստ Իրաքի անվտանգության ուժերի տվյալների, այդ խմբավորումը 3-5 հազար զինյալ գրոհային ունի:

ԱՄՆ-ն Իրաքի երկրորդ Մոսուլ քաղաքի գրավումը համարել է սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար: Վաշինգտոնը կոչ է արել վարչապետ Մալիկիին, որը շիաների համայնքից է, ընդհանուր լեզու գտնել սունիների հետ, որոնք փոքրամասնություն են կազմում, և վերականգնել կարգուկանոնը երկրում: Մոսուլից հեռացել են նաև 65 հայ ընտանիքներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---