Մորնինգսթարը հավատո՞ւմ է, որ սադրանքների դիմող Բաքուն «քայլեր կանի լարվածությունը նվազեցնելու համար»

Մորնինգսթարը հավատո՞ւմ է, որ սադրանքների դիմող Բաքուն «քայլեր կանի լարվածությունը նվազեցնելու համար»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը տեղեկություն չունի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին: «Ես տեղեկություններ չունեմ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպման մասին, բայց, կարծում եմ, որ հանդիպումը շատ կարևոր կլինի»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

ԱՄՆ-ն հուսով է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագաներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որը կդառնա անցյալ տարվա նոյեմբերին սկսված «կառուցողական երկխոսության» շարունակությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ, որոնք նվիրված էին իրավիճակին Ադրբեջանում:

Մեկնաբանելով լարվածության աճը շփման գծում՝ Ռիչարդ Մորնինգսթարն ասել է, որ ԱՄՆ և ԵԱՀԿ ՄԽ համանախագհները ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար. «Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր կձեռնարկեն ռազմաճակատում լարվածության նվազեցման համար»:

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մտահոգված է այս հանգամանքով: «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դարձած դեպքերը վկայում են բարձր լարվածության մասին տարածաշրջանում, ինչը ռիսկի է ենթարկում նաև ԵԱՀԿ ներկայացուցիչների կյանքը»,-ասել է նա:

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, համեմատելով վերջին տարիների վիճակագրությունն երկու երկրների ռազմական կառույցների հաղորդագրությունների հիման վրա, նշեց, որ այս տարի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, աճել է նաև մարդկային զոհերի քանակը նախորդ տարվա համեմատ:

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջադեպի մասին նախարարությունը կողմից տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, վերջինս հրավիրվել էր ՊՆ:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1․000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց: Մայիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը:

Մեկնաբանելով տեղեկությունը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ լարվածություն սահմանին կա, սակայն, չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լավրված է, քան նախկինում: «Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը պարբերաբար կրկնվում է, լարվածություն միշտ կա, քանի դեռ, մենք գործ ունենք հակառակորդի հետ»,-հավելել է նա:

Ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Մայիսի 20-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը, ով ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվորի մահվան պատճառը նույնպես հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։ Դեպքը կատարվել էր մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, ևս մեկ սպա վիրավորվել էր։ Զինծառայողի մահվան ու ևս մեկ զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հունվարի երկրորդ կեսից ադրբեջանական ստորաբաժանումները մշտապես սադրանքների են դիմում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---